Ահաբեկչության վարկածը լիովին հերքվել է. գլխավոր դատախազություն (լրացված)
Ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի ահաբեկչության վարկածը լիովին հերքվել է: Միջադեպի պատճառները կենցաղային են: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, երեկ ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 8 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն: Միջադեպի հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննչական աշխատանքներ են իրականացվում:
Ավելի ուշ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որում նշված է. «Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող՝ ահաբեկչության վարկածը: Քննչական գործողությունների ընթացքում առաջ քաշված բոլոր վարկածների մանրամասն ուսումնասիրությունը շարունակվում է:
Կատարվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ բոլոր վարկածների լիարժեք ստուգման և պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ: Նախաքննական մարմինը կշարունակի պարբերաբար հանրությանը տեղեկատվություն տրամադրել գործողությունների ընթացքի վերաբերյալ: Այս պահին արդեն իսկ ամբողջությամբ հերքվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում 63 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի՝ ահաբեկչական գործողություն լինելու վարկածը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա