Ավտոբուսի պայթյունից տուժած.«Աչքերս բացեցի՝ արդեն երկաթի, ապակու կտորներ էին ձեռքերիս մեջ». «Ժամանակ»
«Սարսափելի պայթյուն եղավ, ականջներս խլացել էին … հետևից ինչ-որ բան ինձ հրեց առաջ, ընկա, ուշագնաց եղա: Աչքերս բացեցի՝ արդեն երկաթի, ապակու կտորներ էին ձեռքերիս մեջ: Իսկ դիմացս 20-25 տարեկան տղա էր՝ մարմինը երկու մասի էր բաժանվել, սարսափից աչքերս փակեցի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նախօրեին Հալաբյան փողոցում 63 երթուղու ավտոբուսի պայթյունից տուժած 14-ամյա Անահիտ Միքայելյանը:
Նա կասկածելի, տարօրինակ դեմքով մարդկանց չի հիշում:
Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 8 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն: Միջադեպի հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննչական աշխատանքները շարունակվում են: