Կառավարությունը ծրագրում է ուսանողներին տարկետում չտալ, և 18 տարին լրացածները բոլորը կզորակոչվեն
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանի խորհրդարանը կառավարությունից կստանա նախագիծ, որի համաձայն, 18 տարին լրացած բոլոր անձինք պետք է ծառայեն բանակում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հարցին:
Նիստում պատգամավորը նախ հիշեցրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատասխանը սահմանին աղքատ ընտանիքների երեխաներին ծառայելու մասին հարցին, երբ նախարարն ասել էր, թե կան օբյեկտիվ պատճառներ և պետք է հաշվի առնել ՀՀ-ի սոցիալական վիճակը, որ միջին և բարձր խավի ընտանիքի երեխաներն են կարողանում գիտական թեզեր պաշտպանել և տարկետում ստանալ զինվորական ծառայությունից, այնուհետև մեջբերեց նախարարի խոսքը. «Կա նաև ՀՀ-ի իրականություն, թե ինչ վիճակում է գտնվում ժողովուրդը, եթե վերլուծություն անեք՝ կտեսնենք, որ օբյեկտիվ հանգամանքներ են»:
Հակոբյանը նկատեց, որ ինքը և իր գործընկեր Թևան Պողսյանը մեկ տարի առաջ նախագիծ էին մշակել, ըստ որի՝ ուսման ընթացքում ոչ մի ուսանողի տարկետում չպետք է տրվի, այսինքն՝ 18 տարին լրացավ, պետք է գնա բանակ, կառավարությունը չէր մերժել, բայց նաև նշել էր, թե կոնսենսուսով պետք է ընդունվի:
Ի պատասխան Դավիթ Հարությունյանը ասաց, որ հարցը եղել է վարչապետի անմիջական ուշադրության կենտրոնում և օրինագիծը լրամշակվել է և առաջիկա մեկ ամսվա ընթացքում կներկայացվի խորհրդարան:
«Ձեր գաղափարը լրամշակված տեսքով կառավարությունը շատ շուտով կներկայացնի խորհրդարան: Ինչո՞ւ լրամշակված, որովհետև կան որոշակի մասնագիտություններ, հատկապես՝ բնագիտական մասնագիտությունները, որոնց պոտենցիալն ուղղվում է ռազմարդյունաբերությանը՝ բացառությամբ որոշակի դեպքերի։ Մենք այդ լուծումը տալու ենք»,-հավելեց Հարությունյանը: