Կառավարությունը վերանայում է 2016 թվականի ծրագրերը, սպասվում են փոփոխություններ. Վարչապետ
«Կառավարությունը նայում է ապագային, նայում է առաջ` իհարկե, չփորձելով մոռանալ անցյալը, դասեր քաղելով անցյալից և փորձել քայլել ժամանակին զուգընթաց»,- այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի` սահմանին ապրիլյան իրադարձություններից հետո կառավարության քաղած դասերի վերաբերյալ հարցին:
Պատգամավորը փորձում էր հասկանալ, թե ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին սրացումներից հետո արդյոք որոշ քայլեր կատարվո՞ւմ են, արդյոք գրավոր կամ բանավոր հանձնարարականներ տրվե՞լ են կառավարության ենթակայության տակ գտնվող պատկան մարմիններում կատարել ուսումնասիրություններ և արդյոք ի՞նչ փոփոխություններ են սպասվում ոլորտներում:
«Ապրիլյան սրացումներից հետո առավել ակնհայտ դարձան այն թույլ օղակները և նկատվեցին թերացումներ ոչ միայն ռազմական այլ նաև մնացյալ ոլորտներում: Այս համատեքստում տրամաբանական էր ՊՆ և ԶՈւ պաշտոնյաներին պաշտոններից ազատելը», -հավելեց պատգամավորը:
Արձագանքելով պատգամավորին, Աբրահամյանն ասաց, որ իրենք պետք է զգույշ ու պատասխանատու լինեն, քանի որ եթե պատգամավորները, նրա խոսքով, ազատ են հայտարարություններ անելիս, ապա կառավարության անդամները նույն ազատությունը չունեն:
«Ցանկացած քայլ, հայտարարություն կոնկրետ պատասխանատվություն է ակնկալում:
Ապագայում մենք հանդես ենք գալու համապարփակ հայտարարությունով և այն բոլոր փոփոխությունները որոնք մենք պետք է իրականացնեինք 2016 թվականին, դրանք վերանայվելու են և մենք կներկայացնենք թե ինչ քայլեր ենք նախատեսում այս պատերազմից հետո և ինչ նոր փոփոխություն ենք կատարում մեր ռազմավարության մեջ ու կներկայացնենք հանրությանը և ԱԺ-ին», -հավելեց Աբրահամյանը:
Այնուհետև վարչապետը խոսեց որոշ խմբերին ուղղված ակնարկներ ու քաղաքական ուժերին ուղղված կոչեր անելով. «Բոլորին ուզում եմ այս ամբիոնից ասել, որ այս իրավիճակը չպետք է օգտագործել ու զբաղվել պոպուլիզմով: Պոպուլիզմը խեղդել է որոշ քաղաքական գործիչների և անհատների: Ում ջրաղացին են քար գցում, դեռ անհայտ է: Դրական սպասումներ չունեն մեր պետության համար: Երբ անհհրաժեշտ է, պետք է լինել միասնական, ոչ թե քարկոծենք, ցեխ շպրտենք: Կոչ եմ անում մեր քաղաքական ուժերին Ազգային ժողովի, անկախ նրանից իշխանական են, թե ընդդիմադիր, հավաքվենք ու քննարկենք: Առանց մամուլի, որովհետև հենց խոսափողը տեսնում եք, բոլորովին ուրիշ մարդիկ եք դառնում: Մենք պետք է փորձենք մեր խնդիրները միասին լուծել: Ովքեր կցանկանան քննարկել այս իրավիճակը կիսվելու, ազնվանալու անկեղծ քննարկելու, կողմ ենք: Կոչ եմ անում քաղաքական ուժերին հավաքվել քննարկել, ձեզ կարող եմ բացատրություններ տալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան