Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երկրորդ գլոբալ ֆորումն ամփոփիչ հայտարարություն է ընդունել
Անցած շաբաթ` ս.թ. ապրիլի 23-ին, Երևանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի կողմից ընդունվեց ստորև ներկայացված Եզրափակիչ հայտարարությունը, որի տեքստը ֆորումի աշխատանքային բոլոր լեզուներով հասանելի է www.gfyerevan.am կայքում:
Եզրափակիչ հայտարարություն և առաջարկներ
Գլոբալ ֆորումը,
Ողջունում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և Կառավարության նախաձեռնությունը՝ հյուրընկալելու Երկրորդ Գլոբալ Ֆորումը Երևանում 2016թ. ապրիլի 23-ին,
Ողջունում է նաև 2015թ. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու մասին բանաձևի միաձայն ընդունումը, որն ընդգծում է, ի թիվս այլ հարցերի, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը,
Հարգանքի տուրք է մատուցում և երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ով հումանիտար ճգնաժամերի և ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության և, գործելով արիությամբ և զոհողությունների գնով, փրկեցին բազմաթիվ անմեղ կյանքեր,
Խորը մտահոգություն է արտահայտում վերջերս Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած ԻԼԻՊ-ի և մյուս ահաբեկչական կազմավորումների կողմից վայրագությունների և ցեղասպան գործողությունների առնչությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար և առաջացնում լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր՝ ներառյալ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների և տեղահանված անձանց ամենաբարձր թիվը,
Գիտակցում է, որ նման ծավալի հումանիտար ճգնաժամերը պահանջում են ջանքերի համադրում և չեն կարող դիմագրավվել միայնակ՝ առանձին երկրների կողմից, և խորապես հավատում է, որ փախստականների և աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առնչվող մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական շահարկումների առարկա հանդիսանալ,
Կրկին բարձրաձայնում է 2015 թվականի ապրիլին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի արդյունքում ընդունված Երևանյան հռչակագրի կոչը բոլոր պետություններին՝ հնարավորինս ներդրում ունենալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման գործում,
Կոչ է անում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո,
Ընդգծում է մարդկության պատմության, ինչպես նաև ցեղասպանության պատճառների և հետևանքների դասավանդման կարևորությունը և անհրաժեշտությունը՝ անցյալի ոճրագործությունների համընդհանուր և օբյեկտիվ ճանաչման հասնելու ակնկալիքով,
Առաջարկում է հաջորդ Գլոբալ ֆորումի շրջանակներում շեշտադրումը կատարել կրթության դերի, մեխանիզմների, միջոցների և կարողությունների վրա՝ որպես ատելությունը, անհանդուրժողականությունը և այլատյացությունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս, և հավատացած է, որ կրթությունը և գիտելիքի փոխանակումը վճռական դերակատարություն ունեն ցեղասպանության արհավիրքի վերացման գործում,
Որոշում է հաջորդ հավաքը գումարել 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է անենք այն, ինչը բխում է մեր շահերից, իսկ դա զինվելն է. Հարութ Սասունյան
- Գլոբալ ֆորումն ավարտվեց, հաջորդը կկայանա 2018-ին
- Ապրիլյան ռազմական գործողությունների մասին հարց է հնչել գլոբալ ֆորումում
- Գլոբալ ֆորումում քննարկումն ընթանալու է ցեղասպանության հանցագործության հարցի շուրջ. Վ.Սարգսյան
- Չի բացառվում, որ ապրիլի սկզբի իրադարձություններն իրենց արտացոլումն ունենան գլոբալ ֆորումի ընթացքում. փոխնախարար