Ադրբեջանը կրակելու ռացիոնալ կարիք ունի. Քաղաքագետ
Ադրբեջանը կրակելու ռացիոնալ կարիք ունի, քանի որ եթե դադարի ընդհանրապես կրակել, աշխարհը կմոռանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, քանի որ այսօր ուշադրության կենտրոնում են Սիրիան, Իրաքը, Դոնեցկը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այսինքն՝ պատահականություն չէ, և ոչ էլ Ալիևը նյարդայնացել է, որ սկսել են կրակել: Նրանց պետք է, որ խնդիրը մնա ուշադրության կենտրոնում: Այժմ ուշադրության կենտրոնում են այցելությունները, հեռախոսազանգերը, քանի որ որևէ մեկին պետք չէ, որ այստեղ լայնամասշտաբ պատերազմ լինի»,- նշեց քաղաքագետը:
Նա հավելեց, որ եթե Ադրբեջանը չկրակի, հայկական կողմը չի կրակի. նրան պետք չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
Ալ. Իսկանդարյանի խոսքով, այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես՝ Ռուսաստանը, փորձում են այնպես անել, որ իրավիճակը վերադառնա մինչև ապրիլի 1-ը եղած վիճակին, սահմանափակվեն կրակոցները, վերականգնվի բանակցային գործընթացը՝ որպես անվտանգության թիվ մեկ ֆորմատ:
Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ հնարավոր չէ այնպես անել, որ իրավիճակը լինի նույնը, ինչը մինչև ապրիլի 1-ն էր, հնարավոր չէ ընդհանրապես չկրակել, քանի որ արդեն եղել են ապրիլի սկզբի իրադարձությունները:
Նրա խոսքով, այսօր հայկական կողմն աշխատում է տարբեր ուղղություններով. դիվանագիտական ճանապարհներով՝ փորձելով ազդել Ադրբեջանի վրա մեծ տերությունների հետ աշխատանքի միջոցով, փորձելով վերացնել սպառազինության որոշակի անհավասարակշռությունը, ինչն արդյունք է այն բանի, որ ՌԴ-ի կողմից զենք է տրամադրվել Ադրբեջանին, Հայաստանին՝ դեռ ոչ: Ըստ Ա. Իսկանդարյանի՝ այս ուղղությամբ էլ ակտիվ բանակցություններ են ընթանում: