«Մամուլի ազատություն-2016» զեկույց. Աշխարհում մամուլի ազատության մակարդակը շարունակում է անկում ապրել
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն-2016» զեկույցը, որում գնահատված է մամուլի ազատության մակարդակը 2015 թվականին աշխարհի 199 երկրներում:
Զեկույցում ներառված երկրները դասակարգվում են՝ յուրաքանչյուրը ստանալով 0-100 միավոր` համապատասխանաբար` 0-ամենազատ երկիրը, և 100` ծայրահեղ ոչ ազատ: Սույն միավորները ստացվում են երկրների քաղաքական, իրավական և տնտեսական միջավայրերին տված գնահատականների հիման վրա:
«Մամուլի ազատություն-2016» զեկույցում, ինչպես և նախորդ տարի, Հայաստանը շարունակում է գտնվել 60-100 միավորների միջակայքում, որն, ըստ կազմակերպության մեթոդաբանության, ոչ ազատ կատեգորիան է: Միաժամանակ զեկույցից պարզ է դառնում, որ Հայաստանը ընդհանուր ազատությունների մակարդակով շարունակում է մնալ մասամբ ազատ երկրների, իսկ համացանցի ազատությամբ՝ ամբողջությամբ ազատ երկրների շարքում:
Զեկույցի փորձագիտական խմբի ընդհանուր գնահատականներով, մամուլի ազատության մակարդակն աշխարհում խիստ մտահոգիչ է: Ըստ զեկույցի, անգամ Եվրոպայում, որն ավանդաբար դիտարկվել է որպես մամուլի ազատության բարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջան, նկատելի են բացասական միտումներ առ այն, որ լրագրողների գործունեության ազատությունը շատ դեպքերում սահմանափակվում է իրենց կառավարությունների կողմից:
Զեկույցի «Նկատելի հետընթացներ» խորագրում անդրադարձ է կատարված նաև Ադրբեջանում և Թուրքիայում մամուլի ազատության մակարդակներին: Շարունակելով մնալ անազատ մամուլ ունեցող երկրների շարքում, Ադրբեջանն ու Թուրքիան զեկույցում դիտակվում են հատկապես այն երկրների թվում, որտեղ կառավարությունները ֆիզիկական բռնությունների են ենթարկում լրագրողներին, սահմանափակում նրանց գործունեության դաշտը, բանտարկում՝ կեղծ մեղադրանքներով: Ադրբեջանի մասով, զեկույցի փորձագետները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կառավարությունը հատկապես բռնություններ է գործադրել այն լրագրողների նկատմամբ, ովքեր զբաղված են եղել կոռուպցիոն մեխանիզմների հետաքննությամբ: