Պայթյունից տուժած հղի կինը հղիությունը կավարտի մայրության բերկրանքով. Արմեն Մուրադյան
Ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով հիվանդանոցներում գտնվող հինգ հիվանդները առողջանում են: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Երեք հիվանդ շարունակում են այս պահին իրենց բուժումը «Արմենիա» ԲԿ-ում, իսկ երկու դեռահասները` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, տեղաշարժը դրական է գնահատվում, երիտասարդներ են կարծում եմ շատ արագ կապաքինվեն», -ասաց Մուրադյանը:
Ինչ վերաբերում է նույն պայթյունից տուժած հղի կնոջը, Մուրադյանը տեղեկացրեց, որ նրա վիճակը կայուն է, գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը: «Նրա համար ամենակարևորն այն է, որ վիճակը կայուն լինի և նրան ոչինչ չխանգարի: Այս պահին նրա վիճակը կայւոն է, և հուսով եմ, որ նա հղիությունը կավարտի մայրության բերկրանքով», -հավելեց նախարարը: