Վերահսկիչ Պալատ. Սերմացուն որոշ գյուղապետերի կողմից հատկացվել է կամայականորեն
2015թ. գարնանացանի համար մարզերից առվույտի քանակի ոչ ճիշտ պահանջարկի ներկայացման հետևանքով 27.10.2015թ. դրությամբ 32.3 տ առվույտի չիրացված սերմացու մնացել է պահեստավորված վիճակում:
Նման տվյալներ է հրապարակել Վերահսկիչ պալատը՝ ուսումնասիրելով ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի 2014-2015 թ. գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և աշնանացան ցորենի արտադրության զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՊՈԱԿ-ի և մարզպետարանների միջև կնքված պայմանագրերը:
Վերահսկիչ պալատի հրապարակած տվյալների համաձայն, ծրագրերի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 3.293.899.7 հազ. դրամ, որից` 1.715.824.2 հազ. դրամը ՀՀ պետական բյուջեից է, իսկ 1.578.075.5 հազ. դրամը` ՊՈԱԿ-ի նպատակային հաշիվների գումարներից:
Մարզպետարաններն ըստ համայնքների պետք է ամփոփեն 2014 թվականին գարնանացանի համար հողօգտագործողների կողմից նախապես վճարում կատարելու պայմանով ներկայացված պահանջների հիման վրա գյուղապետերի կողմից մարզպետարան ներկայացված անհրաժեշտ սերմացուի վճարունակ պահանջարկները: Ապա պետք է դրանք հաստատեն և ներկայացնեն գյուղատնտեսության նախարարություն:
«2014 թվականին ներկրված սերմացուների մի մասը չի իրացվել, ինչի արդյունքում ՀՀ կառավարության 14.08.2014թ. թիվ 941-Ն որոշմամբ, վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով, չիրացված գարնանացան գարու` 1239.2 տ, եգիպտացորենի` 18.8 տ, առվույտի` 126.9 տ և կորնգանի` 44.5 տ սերմացուները անվճար հատկացվել են ՀՀ մարզերին` իրենց կողմից ներկայացված պահանջարկ- հայտերի քանակներին համապատասխան: Անվճար տրամադրվել է` 1429.3տ սերմացու, որի արժեքը կազմել է 704,344.0 հազ. դրամ: Արդյունքում, պետության սուբսիդավորման չափն անվճար հատկացվածի հետ միասին կազմել է` 916,440.4 հազ. դրամ, որը հետևանք է մարզպետարանների կողմից անհրաժեշտ քանակի ոչ ճիշտ պլանավորման»,-ասված է Վերահսկիչ Պալատի հաշվետվության մեջ:
Այսինքն, ծրագրի գրեթե ամբողջ բեռը` շուրջ 80.9%-ն ընկել է պետության վրա:
Վերահսկիչ պալատի կողմից առավել ռիսկային է համարվել 2014թ.-ի անվճար հատկացված սերմացուների բաշխումը շահառուներին, որի գծով ընտրանքային կարգով կատարվել են ուսումնասիրություններ ՀՀ Շիրակի և Արագածոտնի մարզերում:
«Համայնքների որոշ ղեկավարների կողմից այն հատկացվել է կամայականորեն, հիմնականում համայնքի ղեկավարի միանձնյա որոշման հիման վրա»,-նշված է հաշվետվության մեջ:
Ըստ տվյալների, հատկացված սերմացուի որոշ մասը չի ցանվել, որոշ դեպքերում սերմացուն շահառուներին տրամադրվել է քիչ չափաքանակներով, որի պատճառով ծրագրով ակնկալվող արդյունքը արդյունավետ չի ստացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները