Մենք Համբարձումյանով հիացած գալիս դառնում էինք աստղագետ, ոչ ոք չէր հարցնում աշխատավարձի մասին. Արեգ Միքայելյան
«Հայաստանը գիտական երկիր է, սա միանշանակ է, Հայաստանի տարածքով կամ բնակչության թվով երկիր գուցե աշխարհում էլ չգտնվի, որն ունի այսպիսի գիտական մակարդակ»,-այսօր Բյուրականի աստղադիտարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը:
Նրա խոսքով՝ աստղադիտարանը զարկ է տալիս մեր գիտական տուրիզմին. «Անգամ ամերիկացի զբոսաշրջիկներ են գալիս, ովքեր ասում են, որ երբեք աստղադիտարաններում չեն եղել, քանի որ իրենց մոտ աստղադիտարանները կառուցված են դժվարամատչելի վայրերում»,-նշեց Արեգ Միքայելյանը՝ ընդգծելով, որ մեր գիտական այցելավայրերը պետք է ներառվեն նաև մեր տուրիստական ընկերությունների ցանկում:
«Հզոր պետություն ունենալու համար պետք է ունենանք գիտություն, սակայն առանց ներդրումների, միայն մարդկային էնտուզիազմի վրա հույս դնելով հնարավոր չէ գիտությունը հզորացնել»,-ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը:
Գնահատելով ոլորտում երիտասարդների և միջին տարիքի աշխատողների ներգրավվածությունը՝ Արեգ Միքայելյանն ասաց. «Միջին տարիքի դեպքում ընդհանրապես անդունդ է, տարիներ կային, երբ ոչ ոք ընդհանրապես չեկավ այս ոլորտ, իսկ երիտասարդները հիմա գալիս են, բայց այն մոտիվացիան, որ նախկինում էր, չկա, երբ մենք Համբարձումյանով հիացած գալիս դառնում էինք աստղագետ, ոչ ոք չէր հարցնում աշխատավարձի մասին»:
Նա նշեց, որ այսօր ամեն կերպ փորձում են երիտասարդներին ոգևորել այս ոլորտ բերելու համար, սակայն ցավով հավելեց, որ այստեղ էլ երիտասարդ կադրերի արտահոսք կա «Մենք չենք կարող ստիպել, որ բոլորը մնան, բայց ընդհանուր քանակի մեջ կարող ենք այնպես անել, որ մի որոշակի քանակություն մշտապես ունենանք այստեղ աշխատող»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան