Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ փակ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
ՊՆ և ՀՀ ԶՈւ համակարգում վերջին պաշտոնանակությունների մասին երեկ ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանի և Հանրապետական խմբակցության անդամների միջև տեղի ունեցած փակ հանդիպմանը խոսք չի գնացել: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա ասաց, որ եղել է հանդիպմանը և այնտեղ հիմնականում քննարկվել են կազմակերպչական հարցեր:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե նախագահը դժգոհություն է ունեցել պատգամավորների վարքագծի առումով, Սահակյանն ասաց. «Նման խնդիրներ չեն քննարկվել, նման խնդիրներ քննարկվում են հենց այստեղ՝ Ազգային ժողովում, ֆրակցիայի նիստում: Ընդհանրապես քննարկվել են Ազգային ժողովի հետագա հեռանկարային հարցերը՝ կապված նոր ընդունվող օրենքների հետ»:
Լրագրողի դիտարկմանը, թե Հանրապետական խմբակցության անդամները արդեն ասում են, որ Սերժ Սարգսյանը դժգոհել է խմբակցության պատգամավորների աշխատանքից այն առումով, որ ակտիվ չեն, Սահակյանը պատասխանեց. «Երևի ճիշտ ձևով չեն ընկալել. Ոչ թե դժգոհել ա, այլ խոսացվել ա ամեն ինչ՝ և պառլամենտի, և հետագայում նոր անելիքների, նոր օրենսդրության մասին: Այդպես կտրուկ հարցադրում, որ մեկ հարց է եղել և քննարկվել է, նման մոտեցում չի եղել»:
Նաև տեղեկացրեց, որ որևէ պատգամավոր նկատողություն չի ստացել:
«Ոչ, ոչ նկատողության խնդիր չկա, որովհետև դա ոչ թե մարդկանց պատժելու հավաք էր, այլ փորձելու հետագայում ավելի բարեկիրթ ու բարեխիղճ դարձնել աշխատանքը», -ներկայացրեց ԱԺ նախագահը:
Այդուհանդերձ, օրենսդիր մարմնի ղեկավարը նկատեց, որ իրենց խմբակցությունը բացթողումներ ունեցել էր և դա այն էր, որ արդեն երկու ընթերցում անցած օրենքը 3-րդ և վերջնական ընթերցմամբ չընդունվեց: Հիշեցնենք՝ խոսքը «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություն տալու մասին օրինագծին էր վերաբերում:
«Խնդիրն այն էր, որ երկու ընթերցում անցել էր արդեն և երբեք չէինք պատկերացնում, որ կարող էին վերջում քվեարկությանը չմասնակցեին ու չանցներ օրինագիծը», -նկատեց ԱԺ նախագահը:
Հարցին, թե չի՞ կարծում արդյոք ԱԺ նախագահը, որ իր բացակայությունն է թուլացրել դիրքերը, Սահակյանը պատասխանեց, որ այդ կարծիքին չէ, քանզի բոլորը աշխատում են լարված:
Ինչ վերաբերում է պաշտպանության համակարգին, ապա Սահակյանի փոխանցմամբ, այդ մասին Սարգսյանի հետ փակ հանդիպմանը խոսակցություն չի եղել:
«Չեմ կարծում, որ այս պատերազմական ընթացքում այնպիսի բացթողումներ են եղել, որոնց մասին անընդհատ հասարակությունը խոսում է և մտածում եք, որ ներսում էլ պետք է խոսացվի: Խնդիրը հետևյալն էր՝ Ադրբեջանը զենքը բարձրացրել էր, որպեսզի գրավի Ղարաբաղի որևիցե տարածք:
Իսկ այս պատերազմական գործողությունների ընթացքում մեր բանակը կարողացել է կայուն պահել իրեն և փաստորեն, Ադրբեջանի հարձակումը դրա շնորհիվ չի իրագործվել», -ներկայացրեց Սահակյանը՝ նկատելով, որ առայժմ նոր պաշտոնանակությունների մասին խոսակցություններ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանովը՝ նիստի մասին. Ոչ մի բան չէր կատարվում
- Հ. Սահակյան. Քննարկվել են կազմակերպչական բնույթի հարցեր
- Ինչու ԱԺ-ում տապալվեց «Հրազդան-ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին օրինագիծը
- «Հրազդան-ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին նախագիծը ԱԺ-ում տապալվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին