Կառավարությունը դեմ է նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու նախագծին
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
Նախագծով առաջարկվում է 2016թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն, և, դրա հետ կապված, վերանայել և սահմանել օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գործավարձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքների նոր նվազագույն չափերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մոտավոր գնահատմամբ տարեկան հաշվարկով կկազմի առնվազն շուրջ 13 մլրդ դրամ), ինչպես նաև համայնքների բյուջեների ծախսերի գծով լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության:
Ըստ նախարարի՝ նվազագույն աշխատավարձը վերջին տարիների ընթացքում 32 հազար դրամից հասել է 55 հազարի: 2016 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 65 հազար դրամ, սակայն տնտեսական ցուցանիշների հետևանքով այդ խնդիրը հետաձգվել է: