Թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան, հնարավոր է, արգելվի. ՀԺ
Երեկ Ազգային Ժողովում, անդրադառնալով Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումն արգելելու վերաբերյալ հարցին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ուշագրավ հայտարարություն արեց: Ըստ Մինասյանի, իր գլխավորած նախարարությունը արդեն ուսումնասիրում է նման հնարավորությունը և դրա արդյունքում պետք է ներկայացնի ամբողջական փաթեթ: Այլ կերպ ասած, կառավարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Որքան էլ նման հնարավորությունը գեղեցիկ հնչի, այն բավականին բարդ կլինի իրականացնել: Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիայից Հայաստան տարեկան ներմուծվում է մոտ 140 միլիոն դոլարի ապրանք, և դրա մեծագույն մասը այնպիսի ապրանքներ են, որոնք ներկրում են փոքր և միջին գործարարները: Այսինքն` նման արգելք մտցնելու դեպքում տուժելու են հենց փոքր և միջին ներկրողները»,-հավելել է թերթը:
Այսպիսի հեռանկարի շուրջ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով «Հայկական ժամանակ»-ը դիմել է փոքր և միջին ձեռնարկությունների պաշտպանությամբ զբաղվող ամենահայտնի հասարակական կազմակերպություններից մեկին՝ «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանին:
«Մեր ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամները կսատարեն կառավարության այդ նախաձեռնությունը: Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ դա կարող է դժգոհությանն ալիք բարձրացնել փոքր առևտրականների շրջանում ու բացի այդ կհանգեցնի որոշակի ապրանքների թանկացման: Բայց մենք պատրաստ ենք ՓՄՁ-ների շրջանում իրականացնել բացատրական, ուսուցողական և խորհրդատվական աշխատանքներ, որոնք կօգնեն փոքր գործարարներին հնարավորինս անցնցում անցկացնելու ժամանակավոր դժվարությունները»,-թղթակցի հետ զրույցում ասել է Ավագյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան