Կվերականգնվի Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը պահպանելու նպատակով կառավարությունն այն որպես նվիրատվություն ընդունելու, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու, տեղափոխելու և վերականգնելու մասին համապատասխան որոշում է կայացրել:
Ըստ հիմնավորման՝ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո պետական ցուցակում ընդգրկված որմնանկարների մեծ մասը, այդ թվում՝ Հ. Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, հայտնվել են փլուզված կամ խիստ վթարային, չօգտագործվող տարածքներում: Մասնավորապես, «Սարերում» որմնանկարի համար որպես հենք ծառայող ճաշարանի (ներկայում չօգտագործվող) խոհանոցը դահլիճից բաժանող ոչ հիմնական, միջնորմ հանդիսացող պատը, տարբեր հատվածներում ունի մեծ ճաքեր, որոնք իրական սպառնալիք են որմնանկարի անվտանգ ու ամբողջական պահպանության համար:
Ջերմաստիճանի կտրուկ տատանումները ևս իրենց բացասական ազդեցությունն են ունենում որմնանկարի հիմնասվաղի և գունային շերտերի վրա։ ՀՀ մշակույթի նախարարությունը ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հատկացրած միջոցներով ձեռնարկել է ոչնչացման եզրին հայտնված, մասնագետների, զբոսաշրջիկների այցելությունների համար ոչ մատչելի տարածքում գտնվող Հ. Հակոբյանի «Սարերում» որմնանկարի համակողմանի ուսումնասիրման, հանրության համար առավել մատչելի վայր տեղափոխման և նոր վայրում դրա ամրակայման ու վերականգնման աշխատանքները: