«Մեդիա կայունության ինդեքս 2016». Հայաստանը առաջատարն է դիտարկված երկրների շարքում
IREX միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մեդիա կայունության ինդեքս 2016» զեկույցը, ըստ որի Հայաստանը դրական դինամիկայով մոտենում է մեդիա կայունության մակարդակին:
Ինչպես պարզ է դառնում զեկույցից, Հայաստանի մասով դրական դինամիկայի մասին է վկայում Հայաստանի ընդհանրացված միավորը՝ 2.55, որը մի քանի նիշով ավելին է, քան նախորդ տարվա ինդեքսը՝ 2.34: Ավելին, Հայաստանի ինդեքսը դիտարկված տարում ամենաբարձրն է զեկույցում ներառված երկրների շարքում: Զեկույցում ներկայացված են նախկին հետխորհրդային և Արևելյան Եվրոպայի 21 պետություններ: Արդյունքում, մեդիա կայունության տեսանկյունից Հայաստանը, համաձայն զեկույցում տրված գնահատականների, ավելի է մոտեցել կայունության կատեգորիային՝ առաջ անցնելով Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և Ռումինիայից:
Համաձայն զեկույցի մեթոդաբանության, այն կազմվում է 5 ոլորտների` «խոսքի ազատություն» , «պրոֆեսիոնալ լրագրություն», «լուրերի բազմազանություն», «բիզնեսի կառավարում» և «օժանդակ կառույցներ» տրված գնահատականների հիման վրա` ընդհանուր միջինացված արդյունքով` 1-4 միավորների սահմաներում: 0-1 միջակայքում հայտնված երկրները զեկույցում բնորոշվում են որպես անկայուն մամուլ ունեցող երկրներ, 1-2 միջակայքում` կայունության խառը աստիճան ունեցող երկրներն են, 2-3 միջակայքում գրեթե կայուն երկրներն են, իսկ արդեն 3-4 միջակայքում դասակարգված են կայուն մամուլ ունեցող երկրները:
Ընդհանուր դիտարկումների համաձայն` մեդիա կայունության ապահովման առումով դիտարկված նախորդ մեկ տարում Հայաստանում էական ազդեցություն ունեցող բացասական տեղաշարժեր չեն գրանցվել, չկան տեղական և միջազգային մամուլին հասանելիությունը սահմանափակող օրենսդրական խոչընդոտներ, չեն գրանցվել լրագրողների ձերբակալման դեպքեր՝ հրապարակման աղբյուրի բացահայտման պահանջի հետ կապված, չեն արձանագրվել լրագրողների նկատմամբ վտանգավորության աստիճան ենթադրող հարձակումներ, խոսքի ազատության սահմանափակման էական դեպքեր, նկատելի է լրագրողական պրոֆեսիոնալության աճ:
Առկա խնդիրների թվում նշվում են ցույցերի և հանրահավաքների ընթացքում լրագրողների նկատմամբ գործադրված առանձին բռնության դեպքերը, որոնք սակայան չեն հանգեցրել որևէ ծանր հետևանքների: Բազմակարծության ապահովման տեսանկյունից ավելի շահեկան դիրքում են առցանց պարբերականները:
Զեկույցում դիտարկված 21 երկրների շարքում վատագույն արդյունքներ ունեն Ադրբեջանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը՝ դասվելով բացարձակ անկայուն երկրների շարքին: