Վախթանգ Միրումյանը՝ Միհրան Պողոսյանի շուրջ ծավալված օֆշորային խնդիրների մասին
«Պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ կարող է ստուգումներ իրականացնել կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ, և ցանկացած պարագայում, երբ ՊԵԿ-ը կիրականացնի նման ստուգումներ և կտեսնի, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունների հետ, և դրա արդունքում կան պետությանը չվճարված հարկեր, բնականաբար, ՊԵԿ-ը կարձագանքի»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի շուրջ ծավալված օֆշորային խնդիրներին:
«Պետական եկամուտների կոմիտեն հետաքրքրված է այնքանով, որքանով նման դեպքերում կա՞ն հարկումից խուսափելու երևույթներ, թե՞ չկան հարկումից խուսափելու երևույթներ: Ի վերջո, Պետական եկամուտների կոմիտեն կարող է իրացնել այն հսկողական գործիքակազմը, որով օրենսդրությամբ օժտված է»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք կոնկրետ Միհրան Պողոսյանի գործն ուսումնասիրվե՞լ է, թե՞ ոչ, Վախթանգ Միրումյանը նշեց, որ ի սկզբանե ռիսկային չափանիշներով հայտարարվում է, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են, որոնք ենթակա են ստուգման, այդ կազմակերպությունների ստուգումներն ավարտվելու են մինչև տարեվերջ:
«Եթե այդ կազմակերպությունների ստուգումներում կպարզվի, որ կան փոխկապակցված ընկերություններ օֆշորներում, առհասարակ խոսքը բոլոր դեպքերին է վերաբերում, բնականաբար, յուրաքանչյուր դեպքով Պետական եկամուտների կոմիտեն արձագանքում է»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որն եթե որևէ ֆիզիկական անձ օֆշորում ունի հաշիվներ, և այդ հաշիվներում առկա են գումարներ, դա դեռ չի նշանակում, որ դրա արդյունքում կան պետությանը պակաս վճարված հարկեր: Այս ամեն ինչը պետք է հիմնավորվի և պատրավորություններ առաջադրվի կազմակերպություններին:
Հարցին՝ ի վերջո, ստուգումներ իրականացվել են, թե՞ ոչ, Վախթանգ Միրումյանն ասաց, որ ստուգումները չեն կարող իրականացվել 10 օրում:
«Բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կազմակերպություններում կարող են տևել բավական երկար ժամանակ, հատկապես, եթե խոսվում է Հայաստանում չգտնվող կազմակերպությունների մասին»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյանի հետ կապված նախապատրաստվում են նյութեր. Արփինե Հովհաննիսյան
- Սերժ Սարգսյանը ստորագրեց Միհրան Պողոսյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
- ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննություն է սկսել «պանամյան փաստաթղթերի» վերաբերյալ
- ԴԱՀԿԾ պետը հրաժարական ներկայացրեց