ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, քանի որ երբ գնում է մարտական գործողություններ և Ադրբեջանը խախտում է թե’ 1994թ-ի զինադադարի պայմանները, որը նա ստորագրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ, թե’ Մոսկվայում կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը, բնականաբար, բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է:
«Հայաստանի Հանրապետությունը մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Խնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում, և առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ մեկը չի կարող հասնել ամբողջական լուծման»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև նշեց, որ Հանրապետական կուսակության գործադիր մարմնի նիստում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր վերջին հանդիպումների, հեռախոսազրույցների մանրամասները, ինչպես նաև իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Քննարկվել են ներքին քաղաքական հարցեր ևս, սակայն հիմնականում խոսակցության առարկան եղել են արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները