ՀԲ-ն 30 միլիոն դոլար արժողությամբ վարկ է տրամադրում Հայաստանին
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանին 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ տրամադրելու ծրագրը` «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համաշխարհային Բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:
Նա նշեց, որ հաստատված ծրագիրը նպատակ ունի օժանդակել կառավարության բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին՝ բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը և կառավարումը, էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը:
Ըստ նրա, ՀԲ-ն այս նոր ծրագրում օգտագործում է նոր գործիք՝ արդյունքահենք: Ըստ Լ.Բեյլիի, այդ գործիքը օգտագործվում է այն դեպքում, երբ ՀԲ փորձում է օժանդակալ կառավարությանը համապարփակ աշխատանքներ իրականացնելու համար:
«Մենք խիստ կարևորում ենք այս ոլորտին օժանդակությունը ոչ միայն այն պատճառով, որ կառավարությունն է դիմել, այլ մասնավորապես այն պատճառով, որ իրականացրել ենք երկու խորը վերլուծական աշխատանք»,- ասաց ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավարը:
Լ.Բեյլին նշեց, որ վերջին հինգ տարիներին էներգիա արտադրող պետական ընկերություններն իրենց հիմնական ծախսերի ֆինանսավորման համար ունեցել են դրամական միջոցների պակաս, քանի որ իրականացրել են էլեկտրաէներգիա արտադրելու և մատակարարելու իրենց հիմնական գործունեությանը չառնչվող փոխառությունների տրամադրում և ծախսեր: Ըստ նրա, Հայկական ատոմային էլեկտրակայանը և Երևանի ջերմաէլեկտրակայան կուտակել են 104 միլիոն դոլարի հասնող դրամական միջոցների խոշոր պակասուրդ, որը կազմում է նրանց 2015 թ. հաշվարկված ընդհանուր հասույթի 80 տոկոսը:
Նա ասաց, որ այս ընկերությունների ֆինանսական դժվարությունները չհաղթահարելու դեպքում էական ազդեցություն կունենա արտադրության ներկա մակարդակը պահպանելու նրանց ունակության վրա՝ դրանից բխող բացասական հետևանքներով:
Լ.Բեյլին նշեց, որ ՀԱԷԿ-ի և Երևան ՋԷԿ-ի ՝ էլեկտրաէներգիայի ներկայիս հզորությունները չպահպանելու դեպքում կարող է բարձրացնել էելկտրաէներգիայի մատակարարման միջին արժեքը և հավանաբար հանգեցնել էլեկտրաէներգիայի պակասի:
«Էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակի և կառավարման բարելավումը և էլկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության հետ ավելի լավ կառավարվող ֆինանսական հարաբերությունը կարևորագույն նշանակություն ունեն մատչելի սակագներով բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարումը պահպանելու համար»,- ասաց նա:
Ըստ նրա, կառավարությունը հանձն է առել բարելավել նշված ընկերությունների ֆինանսական կառավարումը և այդ ուղղությամբ արդեն իրականացրել է մի շարք քայլեր, ինչպես արտացոլված է էներգետիկ ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրում:
ՀԲ Երևանի գրասենյակի գործառնական մասնագետ Արթուր Կոչնակյանը նշեց, որ վարկը հատկացվելու են կոնկրետ չափերի արդյունքների դիմաց և այս վարկով օժանդակում են կառավարության արդեն իսկ գործող ծրագրին:
Նա նշեց, որ այս ծրագիրը կապահովի արդյունքային չորս ուղղություն՝ կդադարեցվի էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների դրամական միջոցների արտահոսքը հիմնական գործունեությանը չառնչվող ուղղություններով, կնվազեցվեն թանկ առևտրային վարկերը և դեբիտորական պարտքերը և կվճարվի բնական գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ի կրեդիտորական պարտքը, կսահմանվեն էլեկտրաէներգիայի մատակարարման արժեքի փոփոխություններն արտացոլող սակագներ և կպահպանվի Երևանի ՋԷԿ-ի՝ համակցված շոգեգազային ցիկլով (ՀՇԳՑ) կայանի գազատուրբինի արտադրական հզորությունը:
2016 թ.-ի հունվարի վերջից սկսած արտադրող ընկերություններն ի վիճակի էին սկսել վարկերի մարումը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ)՝ էլեկտրաէներգիայի բաշխիչ միակ ընկերությունից դեբիտորական պարտքերի ստացման շնորհիվ: ՀԷՑ-ից դեբիտորական պարտքերի հետ ստացումը կտա կուտակված ծախսերը ֆինանսավորելու հնարավորություն՝ կարևորագույն հիմնանորոգման և պահպանման աշխատանքների համար, սակայն կայուն ֆինանսական վիճակի վերականգնման ընթացքում Երևանի ՋԷԿ-ին և ՀԱԷԿ-ին օգնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ դրամական միջոցների ներարկում:
«Ծրագրի շահառուները երկրի բոլոր էլեկտրաէներգիա սպառողներն են, ինչպես նաև արտադրող պետական ընկերությունները և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերությունը: ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի, ինչպես նաև ՀէՑ-ի ֆինանսական առողջությունը կապահովի բավարար միջոցներ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության համար պահանջվող պահպանման և նոր ներդրումների ուղղությամբ անհրաժեշտ ծախսերի մի մասի համար: Ավելին, ցանցին միացած 140 000 տնտեսվարողներ և այլ իրավաբանական անձինք ևս կշահեն, քանի որ Ծրագիրը կօգնի հուսալի կերպով էլեկտրաէներգիայի նրանց պահանջարկի լիարժեք ապահովմանը»,- ասաց Արթուր Կոչնակյանը:
Ըստ նրա, 2012-2014 թթ. ՀԷՑ-ի կրած վնասի գումարային մեծությունը կազմել է շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ պայմանավորված հասույթի պակասով, որը կուտակվել էր իր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով (օրինակ՝ սակավաջուր տարիներ, ՀԱԷԿ-ի՝ սպասվածից երկարատև ընթացիկ պահպանման աշխատանքներ): Բացի այդ, գործող կանոնակարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) չէր թույլատրում ՀԷՑ-ի սակագնային մարժան ճշգրտել՝ գնված էլեկտրաէներգիայի փաստացի և կանխատեսված արժեքի տարբերությունը սակագնային հաջորդ ժամանակահատվածում լիարժեք արտացոլելու համար: 2015 թ. սակագնային մարժան վերանայվել է՝ նախորդ տարիներին կրած վնասները փոխհատուցելու համար: Առաջիկայում ՀԾԿՀ կվերանայի մեթոդաբանությունը՝ տալով վերը նշված տարբերության հետևանքով կրած վնասի (շահույթի) 100 տոկոսը, ինչպես նաև տոկոսային ծախսը (շահույթը) արտացելու հնարավորություն:
Ա.Կոչնակյանը եց, որ Համաշխարհային բանկը կտրամադրի 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ՎԶՄԲ փոփոխական տարածմամբ (սպրեդով) վարկ՝ 14.5 տարի արտոնյալ և 25 տարի ընդհանուր մարման ժամկետով: