Մեզնից եք պաշտպանում Ղարաբաղը՞, չի կարելի այդպես. Լեզվակռիվ ԱԺ-ում
Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, և նրանք սկսեցին բղավել միմյանց վրա:
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց խոսել Ընտրական օրենսգրքի նախագծի մասին։
«Այս օրինագծով 13 ընտրատարածքների պետք է կիսեն Հայաստանը, որպեսզի դրա միջոցով փորձեն օգնել Սերժ Սարգսյանին վաճառել Հայաստանի և Արցախի անկախությունը, վաճառել հայ ժողովրդի անվտանգությունը, որպեսզի պահպանեն իշխանությունը: Սա է տրամաբանությունը այս ամբողջ ընտրական օրենսգրքի։ Եթե այդպես չլիներ, նման օրինագիծ չէր ներկայացվի, մենք կունենայինք համապատասխան սպառազինություն», -հայտարարեց Փոստանջյանը:
ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հունից հանեցին Փոստանջյանի հայտարարությունները, և մինչև հաջորդ պատգամավորը կմոտենար ամբիոնին, նա հորդորեց խոսել բացառապես թեմայից ու դիմելով Փոստանջյանին, շարունակեց.
«Տիկին Փոստանջյան, դուք այստեղ արտոնյալ չեք, հարգելիս, խոսեք օրինագծից: Եվ հետո, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մեր ինքնապաշտպանական ուժերը գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հասել են հաջողության: Կանխվել է Ադրբեջանի հարձակումը: Ադրբեջանը պարտվել ա, դուք ստեղ ի՞նչ եք բողոքում: Մեզնից եք պաշտպանում Ղարաբաղը՞, չի կարելի այդպես: Չի կարելի»:
Շարմազանովի խոսքի ընթացքում դահլիճից հիմնականում Հանրապետական խմբակցության պատգամավորներ ևս «նախատում էին» Փոստանջյանին, և դա շարունակեց նաև ամբիոնին մոտեցած հաջորդ ելույթ ունեցողը՝ Խոսրով Հարությունյանը:
Նա ասաց, որ եթե Փոստանջյանը նույն ելույթն ունենար Ադրբեջանի Միլի Մեջլիսում, ծափահարությունների կարժանանար: «Դուք հնչեցնում եք թեզեր, որոնք ուղղակի սպասելի են ադրբեջանական քարոզչամեքենայի համար: Եվ ավելին, այն, ինչ ասում եք, որևէ աղերս չունի իրականության հետ», -ձեռքը թափ տալով ասաց Հարությունյանը:
Սակայն Հանրապետական խմբակցության անդամին Փոստանջյանի բարձրաձայն ռեպլիկները թույլ չէին տալիս շարունակել խոսքը:
«Տիկին Փոստանջյան, հըլը մի վայրկյան, -միջամտեց Շարմազանովը, -բարի եղեք, ունեցեք կուլտուրա, էթիկա, լսեք Խոսրով Հարությունյանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին