«Բարեկամության Կամուրջ. Բորիս Կլիմենտև». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է «Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև» ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Ազգային պատկերասրահից:
«Այսօր Կլեմենտևի` ժանրաթեմատիկ լայն ընդգրկմամբ ու տեխնիկական կատարողական ձևամիջոցներով հարուստ ստեղծագործությունն ընդգրկում է հարյուրավոր գեղանկար կտավներ, փոքրադիր էտյուդներ, ջրանկարներ և գծապատկերներ, կավճամատիտով արված գրաֆիկական թերթեր, ինչպես նաև մոնումենտալ գեղանկարչության և ինտերիերի ձևավորման նմուշներ, և այլն:
Ռուսաստանի Գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության ակադեմիայում ռուս նշանավոր արվեստագետներին աշակերտած, ժամանակի առաջատար գաղափարներին, գեղանկարչական տարբեր դպրոցներին և ուղղություններին, համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներին քաջածանոթ նկարիչն այսօր ունի իր սեփական ստեղծագործական ոճն ու բնութագիծը: Գիտակցաբար ընտրելով իրեն հոգեհարազատ ռեալիստական արվեստի ուղին՝ նա յուրովի ընկալում ու իր արվեստում համադրում է ռուսական ռեալիզմի սկբունքներն ու արևմտաեվրոպական իմպրեսիոնիզմի նվաճումները, 19-րդ դարավերջի ռուսական քնարական դպրոցի ավանդույթներն ու անցյալ էպոխայի նորովի մեկնաբանումը: Կլեմենտևը հայտնի է որպես իմպրեսիոնիստական նուրբ բնապատկերների հեղինակ, ռուսական և եվրոպական ռեալիստական դպրոցի ուղին շարունակող դասական դիմանկարի վարպետ, պատմական նատյուրմորտի գիտակ: Նրա ստեղծագործությանը հատուկ է սյուժեների և թեմաների բազմազանությունն ու հարստությունը: Նկարիչն առանձնակի տեղ է հատկացնում կրոնական թեմատիկային՝ հավատքը համարելով մարդու գոյության ու կեցության հիմք:
Ներկա ցուցահանդեսը, որն ընդգրկում է Կլեմենտևի ստեղծագործության շուրջ 25 տարիները, բացահայտում է արվեստագետի որոնումների իրական էվոլյուցիան ու ստեղծագործության դինամիկան: Արվեստագետի ստեղծագործությունը բնորոշվում է ռեալիզմի և ժամանակակից արևմտյան ձևաոճական մեթոդների համադրման ու վերամշակման սկզբունքներով՝ տարբեր արտահայտչամիջոցներով ընդգծելով սուր ներքնատեսությունը, սեփական երևակայությունն ու անձնական ապրումների վրա հենված էմոցիան, կյանքի ու շրջապատող աշխարհի հոգևոր ընկալումն ու հաղորդումը: Արդիական մտածողությունն ու կատարման մեթոդը զուգորդվում են ռեալիստական-դիտողական, հայեցական-քնարական եղանակի հետ, ինչի շնորհիվ պատկերումները խորապես ազդում են դիտողի վրա: Ցուցադրության առանցքն են ռուսական կյանքն ու ժամանակակիցներին պատկերող յուղանկարներն ու թավշյա մակերևույթով և ներկերի փափկությամբ առանձնացող պաստելային թերթերը»,- արվեստագետի ստեղծագործական ուղին և ոճական առանձնահատկություններն այսպես է ներկայացված Հայաստանի Ազգային պատկերասրահի պաշտոնական կայքում:
Էքսպոզիցիայում ներկայացված է 60-ից ավելի գեղանկար և գրաֆիկական թերթ՝ կավճամատիտ, մատիտանկար, ինչպես նաև նկարչի անձնական արխիվում պահվող գծապատկերների ալբոմներ ու հուշաձեռագրային նյութ:
Մայիսի 6-ին բացվող ցուցահանդեսի համադրողն է Մարինա Հակոբյանը: Այն գործելու է մեկ ամիս:
Լուսանկարները՝ klementiev.ru կայքից: