
Շավարշ Քոչարյան. Հայկական կողմերը դեմ չեն ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորմանը
Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ:
Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության, այս մասին նշել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «News.am» գործակալության հարցին՝ թե ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը:
Հիշեցնենք՝ այսօր Մամեդյարովը մամուլի ասուլիսում մի շարք հայտարարություններ է արել։ Այդ թվում՝ նաև Ռուսաստանի առաջարկած փուլային լուծման մասին. «Ռուսաստանի առաջ քաշած առաջարկը հետաքրքիր է մեզ ևս։ Մեզ առաջարկում են կոնֆլիկտի փուլային լուծում։ Անվտանգության տեսանկյունից կարևոր է, որ հայկական բանակը հետ քաշվի։ Հայկական բանակը պիտի լքի ադրբեջանական օկուպացված տարածքները»։