Պերմյակովը դատարանում խոսել է
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում, որն անցկացվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը խոսել է, պատասխանել է հարցերի:
«Aravot.am»-ի փոխանցմամբ, հարցերի մեծ մասին նա կամ հրաժարվել է պատասխանել, կամ ասել է՝ չեմ հիշում: Փաստաբաններից Միհրան Պողոսյանի հարցին՝ «Եթե նման իրավիճակ ձեզ նկարագրեին, թե մի անձ սպանել է 7 անձի, որից 2-ը երեխա են, ի՞նչ գնահատական կտայիք», Պերմյակովը պատասխանել է. «Ես կասեի, որ նա երևի խելագար է: Բայց մի մտածեք, թե ես այդպիսին եմ, ես այդպիսին չեմ»: Նաև պնդել է, թե ինքը հոգեկան որևէ խնդիր չունի:
Փաստաբանները ամբաստանյալից հետաքրքրվել են՝ երբ երեխաների առաջ կանգնած սպանում էր նրանց, չէ՞ր խղճում: Պերմյակովն ի պատասխան ասել է, որ չի հիշում նման բան: Հարցին՝ իսկ չի՞ զղջում, պատասխանել է՝ այո: Փաստաբանի հարցին՝ ինչո՞ւ ես զղջում, որ մա՞րդ ես սպանել, թե՞ որ անազատության մեջ ես հայտնվել, Պերմյակովը արձագանքել է. «Ամեն ինչի համար»:
Փաստաբանները հետաքրքրվել են՝ եթե ժամանակը շրջելու հնարավորություն ունենար ամբաստանյալը, ի՞նչ կաներ, Պերմյակովը պատասխանել է, թե ինքը նման իրավիճոկւմ չէր հայտնվի:
Հարցին՝ ի՞նչ է փոխվել հիմա, որ չի ուզում հայտնվել նման իրավիճակում, Պերմյակովը արձագանքել է. «Չեմ պատասխանի»:
«Արմենպրես»-ն իր հերթին տեղեկացնում է, որ այսօր դատական նիստում հրապարակվել են նաև Պերմյակովի նախաքննական ցուցմունքները, քանի որ մինչ այդ ամբաստանյալը հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալ:
Ըստ աղբյուրի, այս անգամ ևս Պերմյակովի ցուցմունքների մեջ անհամապատասխանություններ կային. ըստ ԴՆԹ փորձաքննության արդյունքների` Պերմյակովի ինքնաձիգի վրա հայտնաբերվել է Սերյոժա Ավետիսյանի մատնահետքը, Սերյոժա Ավետսյանի դիակի վրա վզի շրջանում հայտնաբերվել են նաև քերծվածքներ, որը վկայում է այն մասին, որ Պերմյակովը կրակելու ժամանակ շատ մոտ է գտնվել:
Մեղադրյալը, սակայն, հարցաքննության ժամանակ նշել է, որ կրակելու ժամանակ շատ հեռու է կանգնած եղել, և Սերյոժա Ավետիսյանը չի փորձել բռնել ինքնաձիգը:
Մեկ այլ ցուցմունքի ժամանակ հարց է հնչել նախկին ցուցմունքներում նշած տաքսու վարորդի մասին, Պերմյակովը հերթական ցուցմունքի ժամանակ նշել է, որ նման բան չի եղել և ինքը չի զանգել ոչ մի տաքսու վարորդի ու ոչ մի բան չի պատվիրել: «Չեմ կարող ասել` ինչու եմ այդպես ասել», -եղել է Պերմյակովի պատասխանը:
Հրապարակվել են նաև ցուցմունքներ Պերմյակովի մոտ հայտնաբերված բջջայինների, մուտքային ու ելքային զանգերի վերաբերյալ: Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչի այն հարցին, թե ինչու է Պերմյակովը սպանել փոքրահասակ երեխաներին, Պերմյակովը պատասխանել է.
«Աղմուկ էր, երեխաները լաց էին լինում, դրսում շները հաչում էին, սպանեցի, որ այդ աղմուկը դադարի», - նշել է Պերմյակովը: Հակասություններ եղել են նաև երեխաների սպանության հետ կապված հարցաքննությունների ժամանակ:
Այսօրվա նիստին հրապարակվել են ամբաստանյալի բոլոր նախաքննկան ցուցմունքները:
Հիշեցնենք՝ Պերմյակովը մեղադրվում է գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ: Սպանությունը կատարելուց հետո նա իր զինվորական հագուստը թողել էր Ավետիսյանների տանը և դուրս եկել տնից, շարժվել դեպի հայ-թուրքական սահման: Ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովը ցուցմունք չտվեց
- Ցուցմունք կտա Պերմյակովը
- Դատարանում հրապարակվել է հանցանքից հետո ծնողներին ուղղված Պերմյակովի նամակը
- Պերմյակովն առողջ է եղել, սիրել է շանսոն, աղջիկներին մաստակ է նվիրել. Փորձաքննություն
- Ինչ է արել Պերմյակովը շինարարների տնակում
- Պերմյակովի ասած «մի նախադասությունը ցնցել է» փորձագետ Էլդա Գրինին
- Պերմյակովի գործով կարևորագույն վկաները չեն ներկայանում դատարան
- Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, որը նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել
- Բոլորին գյուլլել են, մինակ երեխեն ա շնչում. Պերմյակովի գործով վկայի ցուցմունքները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան