«Այն երկիրը, որն ունի գիտելիքի հենքի վրա հիմնված տնտեսություն, շահեկան դիրքերում է»
Այն երկիրը, որն ունի գիտելիքի հենքի վրա հիմնված տնտեսություն և հասարակության զարգացումն էլ հիմնված է գիտության ձեռք բերած հաջողությունների վրա, ապա այդ երկրի տնտեսությունը գտնվում է շահեկան դիրքերում: Այս մասին այսօր «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողովի բացմանն ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ հատկապես ապրիլյան պատերազմի ժամանակ, նման գիտաժողովի անցկացումը կարևոր նշանակություն ունի:
«Հանրության շրջանում հաճախ բարձրացվում են հարցեր, թե մեր գիտությունը ինչ կարող է անել մեր երկրի պաշտպանության խնդիրների իրականացման համար: Իհարկե, դրանք հասարակ հարցեր չեն, բայց ՏՏ ոլորտը Հայաստանի գիտության ամենազարգացած ճյուղերից է և հույս ունեմ, որ մենք ապագայում լուրջ հաջողություններ կունենանք»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
ԳԱԱ նախագահը նշեց, որ իրենք այստեղ են, որպեսզի լսեն և ձևակերպեն այն խնդիրները, որոնք այսօր կարևորում են երիտասարդ մասնագետները. «Բարձրացված բոլոր հարցերը կքննարկենք, բոլոր առաջարկները կուսումնասիրենք և կաջակցենք դրանց լուծմանը»:
ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի խոսքերով՝ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը խիստ կարևորվում է, ուստի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոլորտի զարգացման համար:
«Այս ոլորտում գործող բազմաթիվ ընկերություններ՝ իրենց բարձրակարգ մասնագետներով, հանդիսանում են ՀՀ-ի արդյունաբերության բարձր հավելյալ արժեք ստեղծող և ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Դա է պատճառ, որ ՀՀ կառավարությունը 2000 թվականին ՏՏ ոլորտը հայտարարեց տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը»,- ասաց Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ արտադրության, հասարակության զարգացման վրա տեղեկատվական տեխնոլոգիաները շահեկանորեն առանձնանում են մնացած բոլոր ոլորտներից: Ըստ նրա՝ Հայաստանի ազգային անվտանգությունը ևս էականորեն կախված է տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության մակարդակից, և գիտատեխնիկական առաջընթացին համընթաց այդ կախվածությունն աստիճանաբար ավելանում է: Այս առումով, ըստ Սամվել Հարությունյանի, Գիտության պետական կոմիտեն խիստ կարևորում է ոլորտի համակարգաստեղծ նշանակությունը մեր պետության համար և պետական բյուջեի սահմաններում աջակցություն է ցուցաբերում ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին:
Կարևորելով «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովի անցկացումը, ԳՊԿ-ի նախագահն ասաց նաև, որ նմանատիպ միջոցառումները միտված են պետության և գիտության փոխշահավետ համագործակցությունը խրախուսելուն և մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ ստեղծելուն:
«Դրանք հնարավորություն են տալիս ՏՏ ոլորտի գիտաշխատողների ներկայացնել իրենց կողմից իրականացվող հետազոտության արդյունքները, ներկայացնել իրենց գործունեությանն առնչվող խնդիրները: Եւ մենք այստեղ ենք, որպեսզի լսենք այդ խնդիրները, դրանց լուծմանն ուղղված մոտեցումներն ու առաջարկություններ ձևավորենք: Մեր խնդիրն է նաև աջակցել, որպեսզի Հայաստանի երիտասարդները և նրանց միավորող ընկերությունները զբաղեցնեն առաջավոր դիրքեր համաշխարհային շուկայում»,- ասաց Սամվել Հարությունյանը:
Նշենք, որ Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողովի նպատակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ:
Նշենք նաև, որ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (խորագրով գիտաժողով կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը՝ ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ, ԵԳԱԾ, ՀԵՀ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները