Ամբողջությամբ վերանորոգվել է Բյուրականի 2.6 մետրանոց աստղադիտակը. Աստղադիտարանի տնօրեն
«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը բարեբախտաբար շատ ավելի լավ տրամադրությամբ է մոտնեում 70-ամյակին, քան 60 և 50-ամյակիներին»,-այսօր Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակում կազմակերպած ասուլիսի ժամանակ նշեց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
«Աստղադիտարանը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է և դա, իհարկե, Վիկտոր Համբարձումյանի և այստեղ աշխատող առաջին սերնդի աշխատանքի արդյունքն է եղել: Բյուրականի աստղադիտարանը կառավարության որոշմամբ երեք տարի առաջ հռչակվեց ազգային արժեք, ինչը թույլ տվեց աստղադիտարանի խղճուկ բյուջեն փոփոխել և ավելացնել, ինչն էլ ազդեցություն ունեցավ գիտական ինֆրակառուցվածի էական բարելավվման վրա»,-ասաց աստղադիտարանի տնօրենը:
Հայկ Հարությունյանի խոսքով աստղադիտարանի այս ընթացքի կարևորագույն ձեռքբերումներից 2.6 մետրանոց աստղադիտակի վերանորոգումն էր, որը մեր տարածաշրջանում ամենախոշորն է համարվում. «30 տարի անց առաջին անգամ ալյումինապատվեց աստղադիտակի հայելին, թարմացվեցին էլէկտրական սարքերը և այսօր դիտակն ամբողջովին թարմացված է և աշխատում է թվային համակարգով»:
Աստղադիտարանի տնօրենը նաև տեղեկացրեց, որ մայիսի 4-ին արդեն Բյուրականում կլինի դիտակի համար նախատեսված ժամանակակից ընդունիչ սարքը:
«Սրան զուգահետ կարգի է բերվել նաև աստղադիտարանի շենքը և մեկ մետրանոց աստղադիտակը: Այսօր աստղադիտարանը սկսում է կատարել այն դերը, ինչ փորձում էին վերջին տարիների ընթացքում նրա համար ապահովել՝ Հայաստանում որպես գիտակրթական կենտրոն և տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք շրջակայքում կառուցված բնակարանները չեն խանգարում աստղադիտարանի աշխատանքին՝ Հայկ Հարությունյանը պատմեց. «Երբ 1946 թվականին որոշվեց, որ այստեղ է կառուցվելու աստղադիտարանը, Բյուրական գյուղի բնակչությանը որոշեցին տեղահանել, բայց Վիկտոր Համբարձումյանը դեմ դուրս եկավ դրան և ասաց, երբ մարդկանց հույր ես գալիս, նրանց իրենց տնից չի կարելի հանել և այդպես էլ մնաց»:
Անդրադառնալով աստղադիտարանի վարչական շենքի վերանորոգմանը, տնօրենն ասաց, որ այն նոր-նոր սկսում են վերանորոգման աշխատանքները. «Կիսաքանդ մասերը շատ են, պետք է դրանք կարգի բերել, նոր անցել այն մասերին, որոնք դեռ ծառայում են մեզ»:
Լրագրողների հետ զրույցում Բյուրականի աստղադիտարանի դիտողական տեխնիկայի հարցերով փոխտնօրեն Տիգրան Մովսիսյանն էլ նշեց, որ այս 2.6 մետրանոց աստղադիտակը, որը շահագործման էր հանձնվել 1976 թվականին, վերջին տարիներին արդեն չէր աշխատում, քանի որ շատ էր հնացել: Իսկ այսօր այն լիարժեք աշխատում է և ամբողջովին դիտումների ժամանակցույցը բաշխված է: