Ռուսական Polymetal International ընկերությունը գնահատել է Սյունիքի Լիճքվազի հանքավայրի ոսկու պաշարները
Ռուս գործարարներ Ալեքսանդր Նեսիսին, Ալեքսանդր Մամուտին և չեխ Պետր Քելներին պատկանող Polymetal International կազմակերպությունն ազդարարել է Սյունիքի մարզի Մեղրիի շրջանում գտնվող Լիճքվազ բազմամետաղ հանքավայրում «Հանքային պաշարների աուդիտի բարեհաջող ավարտի» մասին:
Ընկերության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ անցկացված աուդիտի արդյունքներով` օգտակար հանածոների ծավալը հանքավայրում կազմում է 600 հազար ունցիա (18,7 տոննա) ոսկու էկվիվալենտ, որը արդյունահանվելու է փակ` ստորգետնյա ճանապարհով:
Ըստ հաղորդագրության` Լիճքվազ հանքավայրը պարունակում է 4,3 մլն տոննա հանքանյութ` 4,2գրամ/տոննա միջին պարունակությամբ: Հանքային պաշարները գնահատվել են CSA Global անկախ աուդիտորական ընկերության կողմից:
Ընկերությունը 2016թ-ին նախապատրաստում է Լիճքվազում իրականացնել հավելյալ զգալի ծավալով հորատումներ, որպեսզի 2017թ-ի երրորդ քառորդում գնահատվեն հանքային պաշարներն ըստ JORC չափորոշիչների և նախապատրաստվեն Կապանի և Լիճքվազի կոմբինացված շահագործման նախագծերը:
Polymetal-ը մտադիր է հանքանյութերը տեղափոխել Կապանի հարստացման ֆաբրիկա, որի գնման գործարքը կայացել է 2016թ-ի ապրիլի 28-ին:
«Մենք չափազանց գոհ ենք երկրահետազոտական աշխատանքների արդյունքներով, դա շատ կարևոր ներդրում է Կապանի մոտակայքում տեղակայված արտադրության ընդլայնման համար: Լիճքվազը ցուցաբերում է ստաբիլ բարձր պարունակություն և համեմատաբար պարզ աշխարհագրություն` միևնույն ժամանակ պահպանելով հետագա երկրահետազոտական աշխատանքների նշանակալի ներուժ», - հայտարարել է Polymetal կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը: