«Ես էլ եմ քեզ նման». Բացվեց Երևանի թիվ 92 մանկապարտեզի ներառական հատվածը
«Մուտքը միայն ժպիտով», «Ես էլ եմ քեզ նման»: Կարդում ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզի պատերին, դռներին, որն արդեն ունի նաև ներառական հատված:
«Հայաստանում այս պահին կա շուրջ 8000 հաշմանադամություն ունեցող երեխա: Շատ կարևոր է, թե ինչպիսի միջավայրում են մեծանում այդ երեխաները: Իսկ երեխայի միջավայրը սկսվում է ընտանիքից և համայնքից: Այս մանկապարտեզը կարևորագույն մոդելներից է»,-մանկապարտեզի ներառական հատվածի բացման արարողության ժամանակ ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Տիգրան Թովմասյանը:
Նրա խոսքով, այս օրինակով հնարավոր է ցույց տալ, թե ինչպես կարելի է վաղ տարիքում սնուցման, առողջապահության, կրթության միջոցով երեխաների մոտ զարգացնել բազմակողմանի հմտություններ:
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքով, իրենց հիմնական նպատակն է, որպեսզի մանկապարտեզները չկոչվեն ներառական կամ ոչ ներառական:
«Մանկապարտեզը պետք է կոչվի մանկապարտեզ և ամեն երեխա պետք է մանկապարտեզ այցելելու իրավունք, հնարավորություն ունենա: Մեր ամբողջ նպատակն է, որպեսզի ստեղծելով օրինակելի մի կառույց, կարողանանք քայլ առ քայլ ստեղծել համապատասխան հնարավորություններ Երևանի բոլոր համայնքներում և մարզերում»,- ասաց նա:
Ա.Բաբլոյանի խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ երեխաների առնվազն 10 տոկոսի մոտ նկատվում են տարբեր աստիճանի զարգացման հապաղումներ և խանգարումներ, որոնք ընդգրկում են շարժողական, հաղորդակցման, լսողական, տեսողական, մտավոր և այլ ոլորտներ:
Բաբլոյանն ասաց, որ նման երեխաների ինտեգրումը հասարակությանն անհնար է առանց վաղ միջամտության, վերականգնողական համալիր միջոցառումների և համապատասխան նախադպրոցական ու դպրոցական կրթական ծրագրերի իրականացման: Նաև նշեց, որ զարգացման հապաղումներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, վերականգնողական ծառայությունների մատչելիության նպատակով 2012 թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել է վերականգնողական ծառայություն, որը հնարավորություն է տալիս առաջնային բժշկական օղակում ապահովել երեխաների վերականգնողական բուժումը:
«Երկրորդ փուլն արդեն այս մանկապարտեզն է, քանի որ երեխայի վաղ միջամտությունն անհնարին է պատկերացնել առանց կրթական միջամտության»,- ասաց նա՝ հավելելով, որ շենքային պայմանները հարմարեցված են հատուկ կարիքներով երեխաների համար:
Արա Բաբլոյանը կարևորում է, որ ամեն երեխա կարողանա օգտվել իրեն տրված իրավունքից:
Ա. Բաբլոյանի նախաձեռնած ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մանկապարտեզի ներառական հատվածի բացման արարողությանը ներկա էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորեց, որ վարչական շրջաններում նման մանկապարտեզներ գործեն. «Համոզված եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, մենք պատրաստակամություն ենք հայտնում լինել ծրագրի կողքին, աջակցել»:
Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, կարևոր է, որպեսզի տարբեր աստիճանի զարգացման հապաղումներ և խանգարումներ ունեցող երեխաները շփվեն այլ երեխաների հետ, մասնակցեն տարբեր միջոցառումների՝ վաղը լիարժեք քաղաքացի լինելու համար: Նա նշեց, որ այսօր իրականացվող քաղաքականության հիմնական նպատակն է կանխարգելումը. «Պետք է ունենալ բազմաթիվ կենտրոններ, կանխարգելիչ միջոցառումների համալիր, որպեսզի մեր որդեգրած քաղաքականությունն իրականություն դարձնենք»:
Նախարարը վստահ է, որ այս ծրագիրը կլինի շարունակական, քանի որ նման մանկապարտեզները, կենտրոնները կարևոր են յուրաքանչյուր ընտանիքի համար:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանն ասաց. «Հիմնադրամի համար չափազանց կարևոր է տեսնել մեր հիմնական և առաջնային ծրագրերի հաջողությունը: Մեզ համար կարևորն այն է, որ տեսնում ենք բոլոր երեխաներին միասին խաղալուց: Այսինքն՝ չկան սահմանները, ինչն ամենակարևորն է»:
Նրա կարծիքով, այս ծրագիրը մասնավոր հատված-պետություն համագործակցության լավագույն օրինակն է.
«Ծրագիրը մեկնարկել է դեռ 2012-2013 թվականներին, երբ քննարկում էր գաղափար ստեղծել մի կոմպլեքս մոտեցում՝ մտավոր, ֆիզիկական խանգարում ունեցող երեխաներին նորմալ միջավայրում առավել լավ ինտեգրելու համար: Առաջին փուլում թիվ 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել է վերականգնողական ծառայություն, որպես երկրորդ քայլ նախաձեռնվեց մանկապարտեզի համապատասխանեցումը վերականգնողական, ուսուցողական ստանդարտներին: Սա պիլոտային ծրագիր է, հույս ունեմ մնացած համայնքներն էլ կփորձեն օրինակ վերցնել, նախաձեռնությամբ հանդես գալ: Մենք էլ, կախված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորումից, արդեն ենթադրում է, որ, բնականաբար, կկանգնենք նման ծրագրերի իրականացման կողքին»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզի շեքի մոտ 1100 քմ անխիթար վիճակում տարածքը հիմնովին վերակառուցվել և վերանորոգվել է՝ աստիճանավանդակների հարմարեցում, թեքահարթակների կառուցում, վերականգնողական միջամտությունների համար առանձնացված սենյակներ, վերականգնողական հատուկ սարքավորումներով, կահույքով, խաղերով ապահովում, համապատասխան մասնագետների ներգրավում և կրթում: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 150 միլիոն դրամ:
Մանկապարտեզում գործում է 3 նախաներառական խումբ, ուր հաճախում է զարգացման ծանր հապաղումներով 23 երեխա: Ներառական 6 խումբ հաճախում է 18 երեխա: Զարգացման թեթև հապաղումներ ունեցող երեխաները ներառվել են ներառական խմբերում՝ ունենալով աջակցություն հատուկ մանկավարժների, լոգոպեդի, հոգեբանի կողմից: Զարգացման առավել ծանր հապաղումներ ունեցող երեխաները, որոնք տվյալ պահին չեն կարող ներառվել այդ խմբերում, հաճախում են մանկապարտեզի նախաներառական խմբեր: Մանկապարտեզում աշխատում է բազմամասնագիտական թիմ՝ լոգոպեդ, հոգեբան, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ:
Մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքով, բոլոր երեխաների առօրյան միասին է կազմակերպվում՝ զբոսանքներ, ֆիզկուլտուրա, երգ, պար, կերպարվեստ, կառուցողական պարապմունքներ, որտեղ բոլորը կարող են իրենց ուժերն ի ցույց դնել:
«Ներառումը կատարվում է սահուն՝ որևէ մեկին տրավմայի չենթարկելով»,- նշեց նա:
Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները շատ գոհ էին մանկապարտեզում ստեղծված պայմաններից, ծառայություններից: Փոքրիկ Վարուժանի մայրը Panorama.am-ին ասաց, որ նախքան մանկապարտեզ հաճախելը, երեխան չէր կարողանում խոսել, իսկ հիմա արդեն բառակապակցություններ է ասում: 3-ամյա Նոնան էլ արդեն կարողանում է 35-40 րոպե ինքնուրույն նստել, հենվել:
Մասնագետների խոսքով, զարգացման հապաղումներ ունեցող երեխաների վաղ միջամտությունն անհնար է իրականացնել առանց նախակրթական հաստատության, իսկ այս ծրագիրը կոչված է նախակրթական հաստատությունում վաղ միջամտության համալիր լիարժեք միջամտության ապահովմանը, որն այնուհետև կհեշտացնի երեխայի ներառումը միջնակարգ, ապա նաև մասնագիտական կրթական հաստատություններում: