Ավտոբուսի պայթյունից տուժած 6 քաղաքացի բուժումը շարունակում է հիվանդանոցային պայմաններում
Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 6 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում: Երեք բժշկական հաստատություններում էլ մասնագետները քայլեր են ձեռնարկում վիրավորների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարություն լրատվական ծառայությունից, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Վնասվածքաբանների, պլաստիկ և միկրովիրաբույժների մասնակցությամբ կատարվում է վերքերի մշակում ժամանակակից մեթոդով, շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը:
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժվող 37-ամյա հղի կնոջ վիճակը գնահատվում է բավարար: Շարունակվում են նեղ մասնագիտական խորհրդատվությունները:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը նույնպես բժիշկների գնահատմամբ` բավարար է, առկա է դրական տեղաշարժ:
Հարակից հրապարակումներ`
- Պայթյունից տուժած հղի կինը հղիությունը կավարտի մայրության բերկրանքով. Արմեն Մուրադյան
- Ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը պարզվել է. Սոնա Տռուզյան
- Ավտոբուսի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը պատրաստվում է դուրսգրման