Բակո Սահակյան. Մենք չպիտի զարմանանք, որ մեր սերունդները ունակ են նման սխրագործությունների
Այս պահի դրությամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում բնականոն կյանքին վերադառնալու համար: Արցախի Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Արդեն մեր կրթական հաստատություններում, մշակութային օջախներում ստեղծված են անհրաժեշտ պայմանները բնականոն կյանքի վերադառնալու համար: Մենք աշխատանքներ ենք իրականացնում գյուղատնտեսության ոլոտում, որովհետև գտնվում ենք գարնանացանի շրջանում: Մեր հացի մշակներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ»,-ասել է Արցախի նախագահը:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի առաջին օրվան, Բ. Սահակյանը նշել է. «Ազգային անվտանգության ծառայության պետին ու ոստիկանապետին տալիս եմ մի շարք կարգադրություններ, իսկ բանակի հրամանատարին հրամայում եմ ոչ թե իրականացնել դիմադրելու գործողություններ, այլ կասեցնել հակառակորդի գրոհը՝ նպատակ հետապնդելով ոչնչացնել նրա կենդանի ուժն ու միջոցները: Պետք է նշեմ, որ փառքով է կատարվել այդ հրամանը Արցախի հերոսական բանակի, նրա ժամկետային զինծառայողների, սպայական կազմի, բարձրագույն հրամանատարական կազմի, ներգրավված կամավորականների, աշխարհի տարբեր երկրներից նախնիների կանչով Արցախում հայտնված հազարավոր մեր հայրենակիցների՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ»:
Բ. Սահակյանի խոսքով, ապրիլի 2-ին հանրապետությունից բացակայում էին ԼՂՀ վարչապետն ու փոխվարչապետը, մի շարք նախարարներ ու բազմաթիվ գործարարներ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել:
«Հրետակոծվում էր Թալիշը, Մատաղիսը, Մարտակերտը: Մենք խնդիր ունեինք այդ բնակավայրերի խաղաղ բնակիչներին խաղաղ տարհանել ու տեղափոխել»,-տեղեկացրել է ԼՂՀ նախագահը, ավելացնելով, որ բնակիչների տարհանումը կազմակերպվել է Մարտակերտի ղեկավարության ու ԱԻ նախարարության ջանքերով:
Դրանից հետո հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում ԼՂՀ նախագահը վերահաստատել է իր որոշումները, իսկ նիստի ավարտից հետո մասնակիցների մեծ մասը մեկնել են ճակատ՝ առաջադրանքները կատարելու համար:
Սահակյանը հիշեցրեց, որ կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ-ի միջնորդությամբ՝ ՀՀ և Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերի միջև:
Անդրադառնալով պատերազմի ընթացքում հայ զինվորների սխրագործություններին, Արցախի նախագահն ասաց. «Գիտե՞ք, դժբախտ են այն ժողովուրդներն ու երկրները, որոնց կյանքը չի ուղեկցում առասպելներով: Դա ավելին է, քան հպարտությունը: Մեր տղաներն իրենց սխրագործություններով ու խիզախություններով նոր առասպելներ են ստեղծել: Մենք չպիտի զարմանանք, որ մեր սերունդները ունակ են նման սխրագործությունների, որովհետև նրանք ընդօրինակում են իրենց ավագներին, հայրերին»:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան