«Եվրատեսիլ-2016». Հայկական պատվիրակությունն իր հետ կտանի նաև ԼՂՀ դրոշը
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակությունն իր հետ կտանի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը, թեև այն մրցույթի կազմակերպիչների կողմից ընդգրկվել է արգելված դրոշների ցանկում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը», որով արգելում են եվրատեսիլյան դահլիճ տանել որոշ դրոշներ: Արգելված դրոշների ցանկում է նաև ԼՂՀ դրոշը։
Գ.Գասպարյանի խոսքով, իհարկե, ցավալի է, որ նման ցուցակ է հրապարակվել, միաժամանակ հավելեց, որ սա մրցույթի երկրպագուներին քաղաքականությունից զերծ պահելու ևս մեկ քայլ է, կազմակերպիչները փորձում են անվտանգությունը խստացնել, այնպես կազմակերպել մրցույթը, որ որևէ մեկը խնդիր չունենա:
«Այդ ցանկում կան նաև այլ դրոշներ, և պատկերացրեք, եթե այդ բոլոր դրոշները հայտնվեն դահլիճում կամ մարդիկ փորձեն որևէ բողոքի ակցիա կազմակերպել: «Եվրատեսիլ»-ն ունի իր ուրույն կանոնները և հենց այդ կանոնների շնորհիվ է, որ 60 տարի շարունակ այդ մրցույթը գոյատևում է: Եթե մասնակցում ես այդ մրցույթին, պարտավոր ես հարգել օրենքները և խաղալ այդ օրենքներով: Մենք բոլորս հարգում ենք և փորձում ենք չափի մեջ խաղալ օրենքներով` չխախտելով որևէ բան»,- ասաց նա:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 42 պետությունների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»: