Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես են գալու Կալիֆորնիայի համալսարանում
Կալիֆորնիայի համալսարանի «Ռոյսե հոլլ» դահլիճում վաղը ելույթ կունենան Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (փոքր կազմով): Այս մասին տեղեկանում ենք երգչախմբի ֆեյսբուքյան էջից: Համերգին կներկայացվեն հայ հնագույն հոգևոր երաժշտության՝ Տիգրան Համասյանի մշակումները, որոնք «Լույս ի Լուսո» խորագրի ներքո 2015թ. թողարկվել են հանրահայտ ECM ձայնագրման ստուդիայի կողմից:
Տ. Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել` Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան:
2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների: Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. 2003 թ.` երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակների` Jazz a Juan Revelations և Montreux Jazz Solo Piano Competition մրցույթներում: 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թ. առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների և Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անվան մրցույթներում, որի ժյուրիի կազմում հանդես են եկել Հերբի Հենկոկը, Էնդրյու Հիլը, Դանիլո Պերեզը, Բիլի Թեյլորը և Ռենդի Վեստոնը:
Երևանի պետական կամերային երգչախումբը ստեղծվել է 1996-ին՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանավորությամբ դասական և ժամանակակից գլուխգործոցներ կատարելու նպատակով: Երգչախմբի հիմնական երգացանկը ներառում է հայկական դասականների և ժամանակակից կոմպոզիտորների, ինչպես նաև եվրոպական ու ռուսական դասականների և ժամանակակից կոմպոզիտորների և ջազ կոմպոզիտորների աշխատանքներ:
«Լույս ի Լուսոյ»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Այն կներկայացնեն Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները՝ նորովի մեկնաբանությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին