Հայաստանի եվրատեսիլյան երգի բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի
«Եվրատեսիլ-2016»- ի Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը մայիսի 1-ին մեկնելու է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ: Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս մրցույցը ևս մեկ լավ միջոց է հայ ազգին ուրախանալու, հպարտանալու առիթ պարգևելու համար, 40-ից ավելի երկրներում մոտ 200 միլիոն հանդիսատեսի համար Հայաստան անունը հնչեցնելու համար:
Ասուլիսին ներկա Իվետա Մուկուչյանն ասաց, որ բավականին հանգիստ է, ինչը նաև թիմի հետ միասնական աշխատանքի, նաև ժողովրդի վերաբերմունքի արդյունք է: Նա չցանակացավ շատ փակագծեր բացել բեմադրության վերաբերյալ: Միայն նշեց, որ իր հետ լինելու են հինգ բեք վոկալ երգչուհիներ:
«Ուրախ եմ, որ կողքիս են, երբ իրենց ձայնը հնչում է, ինձ բեմի վրա ավելի ապահով եմ զգում»,- ասաց երգչուհին:
Նա նշեց նաև, որ համագործակցել են Շվեդիայից մի ռեժիսորի հետ, ով բավականին հետաքրքիր մտքեր ունի:
Գոհար Գասպարյանի ներկայացմամբ, բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի. «Լինելու է գրաֆիկական, լուսային էֆեկտներով հագեցած շոու, շեշտը դրվելու է մոնտաժային ներկայացման վրա»:
«Եվրատեսիլ-2016» մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկերն է «Յուքոմ» ընկերությունն է: Ասուլիսին ներկա ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը նախ հաջողություններ և հաղթանակ մաղթեց Իվետային, ապա նշեց, որ այս մրցույթը հնարավարություն կտա, որ ավելի շատ մարդիկ իմանան, թե որտեղ է Հայաստանը, ովքեր են հայերը:
Նշենք, որ Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմում հանդես է գալու «LoveWave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 42 պետությունների ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանը մրցութային երգը կներկայացնի 5 բեք-վոկալների հետ
- Կայացավ «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան