Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, թե սահմանին միայն անապահովների զավակներն են ծառայում
«Ո՞վ է նման մոնիտորինգ արել: Այս հանդիպումից հետո ես կխնդրեմ տվյալներ տրամադրեն, թե ինչ մոնիտորինգի հիման վրա է պնդում արվում, թե սահմանին միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակներն են ծառայում, որովհետև ես եղել եմ սահմանին ու նման տարաբաժանում չեմ նկատել», -այսօր խորհրդարանական ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա լրագրողներին հորդորեց նման թեմաների վրա շատ չտարածվել ու ապրիլյան դեպքերից հետո համախմբան մեջ սեպ չխրել:
«Եթե այդ տարաբաժանումներով ու նման միջոցներով փորձում եք մեր զինվորների ու ընտանիքների միջև տարաձայնություններ մտցնել, չի հաջողվելու: Այսօր ամբողջ ազգը զինվորագրված է, և ամենքն իր հնարավորության սահմաններում օգտակար է: Խնդրում եմ ձեռնպահ մնալ նման հարցեր բարձրացնելուց ու այդ թեման բարձրաձայնելուց», -հայտարարեց Բաղդասարյանը:
Լրագրողը հիշեցրեց, որ սոցապնախարարը տվյալներ է հրապարկել, որոնց համաձայն, ապրիլյան պատերազմի հետևանքով զոհված շուրջ 100 զինծառայողների մեծ մասը` 64-ը, սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են և նրանց ընտանիքները ունեն վարկային ու կոմունալ վճարների հետ կապված խնդիրներ ու կառավարությունը պատրաստվում է օգնել:
«Անապահով բոլոր ընտանիքները ուշադրության կենտրոնում են: Դուք որ նշում եք վարկեր կամ կոմունալ վճարներ, այսօր որ նայեք մեր պատգամավորների շրջանում, կտեսնեք, թե ովքեր վարկեր ունեն և ովքեր` այլ խնդիրներ: Այսօր գաղտնիք չէ, որ մեր երկրում կա բավական ստվար մի զանգված, որոնք ունեն և վարկեր, և կոմունալ խնդիրներ: Այն, որ դուք ուզում եք տարանջատումներ սահմանել, ես դա անընդունելի եմ համարում», -լրագրողին արձագանքեց Բաղդասարյանը:
Մեկ այլ լրագրող հետաքրքրվեց` արդյոք պատգամավորը կարո՞ղ է օրինակներ ներկայացնել, թե որ պաշտոնյայի որդին է սահմանին ծառայում: Ի պատասխան պատգամավորը որպես օրինակ, մատնանշեց Արցախի Ազգային ժողովի պատգամավորներից մեկի որդուն, այնուհետև` իր հորաքրոջ և հորեղբոր թոռներին:
«Իմ տղաները փոքր են, բայց իմ բարեկամները գտնվում են առաջնագծում: Մեր ազգը բավականին միաձուլված է, և մենք մի ընտանիք ենք, և ես նկատի ունենալով իմ հնարավորությունները, կարող էի նրանց հետ քաշել առաջնագծից: Բայց նման խնդիր չկա», -ասաց Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան