Չարնի. Իսկ Իսրայելը դրոններ կվաճառե՞ր Հիտլերին
The Times of Isreal պարբերականում լույս է տեսել Երուսաղեմի Հոլոքոստի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնիի հոդվածը , որտեղ հեղինակը դատապարտում է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը և հարցադրում անում, թե «արդյո՞ք Իսրայելը մահացու դրոններ կվաճառեր Հիտլերին»:
««Ես ամաչում եմ: Հայերը 100 տարի առաջ մեծ Ցեղասպանության զոհերն էին, որը որոշ հրեա գիտնականների կողմից անվանվեց «հայկական շոա»: Նրանց մշակութային և ազգային էթնոսի կարևորագույն խնդիրներից է Ցեղասպանության հիշողության պահպանությունը, նման չէ՞ արդյոք դա մեզ` հրեաներիս: Մենք` հրեաներս, տարիներ շարունակ վիրավորել ենք հայ ժողովրդին` պաշտոնապես չճանաչելով ցեղասպանությունը: Կհանդուրժեի՞նք արդյոք մի որևէ կառավարություն ԱՄՆ-ում կամ Անգլիայում, որը, ցեղասպանություն իրականացնող երկրի հետ ռեալ-պոլիտիկից ելնելով, հրաժարվեր ճանաչել Հոլոքոստը»,- գրում է գիտնական Չարնին:
Վերջինս անդրադառնում է այն տեղեկություններին, որ Իսրայելը զենք է վաճառում այնպիսի երկրների և կառավարությունների, որոնք «սպանում են կամ սպառնում խաղաղ բնակիչներին ոչնչացնել»: Հեղինակը ցավով նշում է, որ իսրայելական մահացու դրոնները պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում զոհված հայերի կյանքերի համար, իսկ բոլորովին վերջերս էլ, ըստ հեղինակի, հայտնի է դարձել, որ քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական ռազմական ինքնաթիռ է վայրէջք կատարել Իսրայելում, հավանաբար զինամթերք տեղափոխելու համար:
Հեղինակի դիտարկմամբ, աշխարհում շատերն զենք վաճառում, սակայն Իսրայելի դեպքում, դրությունը պետք է այլ լինի: Այս կապակցությամբ հեղինակը հարցադրում է անում, թե արդյո՞ք «իրենք հրաժարվել են այն տեսակետից, որ հրեա ժողովուրդն այս աշխարհում բարոյական պարտավորությունների կրող է»:
«Զենքի վաճառքի մեր այլընտրանքային սկզբունքը կարող է լինել հետևյալը. վաճառել այն ժողովուրդներին, ովքեր զանգվածային ոչնչացման վտանգի առաջ են: Իհարկե, մենք սխալներ կգործենք, սակայն առնվազն մեր խիղճն ավելի մաքուր կլինի, որ մենք զենք չենք մատակարարել նացիստներին: Իմ հայ գործընկերներին և ընկերներին կցանկանայի ասել, որ որպես հրեա և իսրայելցի ես «խոցված» և զայրացած եմ»,- եզրափակել է գիտնական Չարնին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի