Իրանի Մեջլիսի նոր կազմը՝ բարեփոխականները մեծամասնություն են կազմում
Իրանի ՆԳ նախարարությունը հրապարակել է նախօրեին տեղի ունեցած Մեջլիսի 10-րդ գումարման ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Իրանում անցկացվեցին Մեջլիսի 10-րդ գումարման և Փորձագետների խորհրդի 5-րդ գումարման ընտրությունները: Ընտրություններին մասնակցելու իրավունք էր ստացել 6 հազար 230 թեկնածու, որոնք պետք է պայքարեին խորհրդարանի 290 մանդատի համար:
Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ խորհրդարան անցան 76 պահպանողական, 83 բարեփոխական, 58 անկախ պատգամավորներ և ևս 5 պատգամավոր՝ որպես կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչ:
Նախօրեին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուները պայքարում էին մնացյալ 68 մանդատի համար:
Երկրորդ փուլի արդյունքներով՝ 18 մանդատ ստացել են պահպանողականները, 16 մանդատ՝ անկախ թեկնածուները և 34 մանդատ՝ բարեփոխականները:
Գումարելով առաջին և երկրորդ փուլի արդյունքները՝ 290 անդամ ունեցող Իրանի 10-րդ գումարման Մեջլիսն ըստ քաղաքական ուժերի ներկայացվածության՝ հետևյալ պատկերն է ստանում՝
Բարեփոխականներ՝ 117 մանդատ
Պահպանողականներ՝ 94 մանդատ
Անկախ թեկնածուներ՝ 74 մանդատ
Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 5 մանդատ
ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ հայերը՝ որպես կրոնական փոքրամասնություն, Մեջլիսում պատգամավորի երկու տեղ ունեն: Ընտրությունների առաջին փուլի արդյունքում որպես իրանահայ համայնքի ներկայացուցիչներ Իրանի խորհրդարան էին անցել Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը:
Հավելենք, որ փետրվարի 26-ին կայացած Բանիմացների խորհրդի 88 հոգանոց նոր կազմը հետևյալ տեսքն է ստացել՝
27 մանդատ ստացել են պահպանողականները (30%)
20 մանդատ ստացել են բարեփոխականները (23%)
6 մանդատ անկախ փորձագետները (7%)
35 մանդատ ստացել է պահպանողականների և բարեփոխականների ընդհանուր աջակցությունը (40%)
Նշենք, որ Թավրիզի ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Ալի Ռեզա Մոնադին, որն ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի օրերին հանդես եկավ խիստ հակահայկական հայտարարություններով:
Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան, իրանագետ