Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգանալու լուրջ պոտենցիալ ունի. գիտաշխատող
Ժամանակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ, որը հնարավորություն կտա ՏՏ ոլորտի գիտաշխատողներին ներկայացնելու իրենց կողմից իրականացվող և կիրառական հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների արդյունքները: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Աթոյանը:
Նշենք, որ այդ նպատակով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվում է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» խորագրով գիտաժողով:
Տ.Աթոյանի խոսքերով՝ այս գիտաժողովը կազմակերպել են երիտասարդ մասնագետները, որոնք փորձում են կապ ստեղծել ՏՏ ոլորտի ինդուստրիայի և գիտական կառույցների միջև, իրականացնել համատեղ նախագծեր և ստեղծել հարմարավետ միջավայր՝ գաղափարները կյանքի կոչելու համար:
Նա նշեց, որ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն այսօր լուրջ հաջողություններ ունի, գիտաշխատողներն իրենց գաղափարները վերածում են ծրագրերի:
«Գաղափարների և ծրագրերի պակաս չունենք, հնարավոր է, որ դրանք հանրության համար տեսանելի չեն, քանի որ դրանք լայն լուսաբանման ենթակա չեն, սակայն ինստիտուտում անցկացվում են լուրջ հետազոտություններ՝ երիտասարդ մասնագետների մասնակցությամբ»,- ընդգծեց գիտաշխատողը:
Այդուհանդերձ, Տիգրան Աթոյանը գտնում է, որ պետք է խթանել գիտության և ՏՏ ոլորտի փոխհամագործակցությունը:
«Մեր նպատակն է այնպիսի հարթակ ստեղծել, որպեսզի ավելի սերտ համագործակցություն ստեղծվի արդյունաբերության և գիտության միջև: Խնդիրը կայանում է նրանում, որ համալսարանը պատրաստում է լավ կադրեր, հետո այդ կադրերն աշխատում են մասնավոր ընկերություններում, ինչի արդյունքում գիտական պոտենցիալը կորցնում ենք: Օրինակ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում մասնագետները կարողանում են իրենց կարողությունները ծառայեցնել թե կոմերցիոն ընկերությունում, թե գիտությունում, նույնը պետք է անել այստեղ: Ի վերջո, արդյունաբերությունն առանց գիտության և գիտությունն առանց արդյունաբերության չի կարող առաջ գնալ»,- ասաց Տիգրան Աթոյանը՝ հավելելով, որ երիտասարդ մասնագետները ցանկանում են մերձեցնել գիտությունն ու արդյունաբերությունը, և այս գիտաժողովը կարող է հարթակ հանդիսանալ և իրար հետ կապել ՏՏ ինդուստրիան և գիտությունը:
Ինչ վերաբերում է ՏՏ-ի և ռազմարդունաբերության փոխգործակցությանը, նա նշեց, որ Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգանալու լուրջ պոտենցիալ ունի, սակայն այն, ինչ արվում է, պարտադիր չէ բարձրաձանել:
«Այո, որոշ նախագծեր կան, հետազոտություններ արվում են, որոշակի արդյունքներ կան, բայց այդ մասին պետք չէ խոսել»,- նշեց Տիգրան Աթոյանը: