Կայացել է Պատանի քիմիկոսների համահայկական վեցերորդ մրցաշարը
Ի՞նչ եղանակներով կարելի է ստանալ արհեստական ալմաստ, նյութի կառուցվածքի ի՞նչ առանձնահատկության շնորհիվ է ի հայտ գալիս մետաղական փայլը, ինչպե՞ս է հնարավոր տարբերել բնական սաթը արհեստականից․ այս և նման այլ հարցերի շուրջ այսօր «Այբ» դպրոցում բանավիճել են Պատանի քիմիկոսների համահայկական վեցերորդ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ անցած 9 թիմերը։ Այս մասին տեղեկացնում են «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Հիմնադրամից հիշեցնում են, որ 2015 թ. նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Պատանի քիմիկոսների համահայկական վեցերորդ մրցաշարի քառորդ եզրափակիչը, որին մասնակցել է 35 թիմ Հայաստանի Աբովյան, Արարատ, Գյումրի, Երևան, Հրազդան, Մասիս, Ստեփանավան, Վաղարշապատ և Վանաձոր քաղաքներից։
Արդյունքում կիսաեզրափակիչ փուլ է անցել 9 թիմ Արարատից, Գյումրուց, Մասիսից, Վանաձորից, Վաղարշապատից և Երևանից։
«Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Մրցույթն աշակերտներին հնարավորություն է տալիս ամբողջ թիմով փնտրելու և գտնելու լուծումներ առաջադրանքների միջոցով տրվող այնպիսի հարցադրումների, որոնք այս պահին գուցե դեռ լուծում չունեն, ուսումնասիրելու համաշխարհային փորձը և առաջարկելու սեփական լուծումները»,- բացման խոսքում նշել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի համակարգող Նինա Հոբոսյանը:
Ինը թիմերը նախ մրցել են կիսաեզրափակիչ մարտերում, որոնց արդյունքում եզրափակիչ դուրս եկավ նրանցից միայն երեքը:
Արդյունքում պատվավոր առաջին տեղը զբաղեցրել է Վանաձորի «Էվրիկա» թիմը։ Երկրորդ տեղում Գյումրու «Ադրենալին» թիմն էր, երրորդում՝ Գյումրու «Ֆոտոն» թիմը։
Բոլոր ինը թիմերը ստացել են մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ, իսկ մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը` նաև դիպլոմներ ու մրցանակներ: Երեխաներին խրախուսելու համար ժյուրին պատվոգրեր է շնորհել նաև «լավագույն զեկուցող», «լավագույն ընդդիմախոս», «լավագույն գրախոս» և յուրաքանչյուր թիմի «լավագույն մասնակից» ու «լավագույն ավագ» անվանակարգերում։
Այս տարի մրցաշարն ունեցել է ռեկորդային թվով մասնակից՝ 35 թիմ, 172 մասնակից աշակերտ և 51 մարզիչ ու ղեկավար:
Հայաստանում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի բացառիկ կազմակերպիչ` «Այբ» կրթական հիմնադրամ:
Մրցույթը Հայաստանում անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո:
Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (ՊՔՀՄ) փոխներգործուն (ինտերակտիվ) խաղի սկզբունքով անցկացվող թիմային մրցույթ է, որտեղ 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ և բանավիճում գիտական թեմաների շուրջ: ՊՔՀՄ-ի մարտերը դատում է ժյուրին, որի կազմում ներգրավված են ԵՊՀ-ի, ՀԱՊՀ-ի և ՀՊՄՀ-ի դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, ուսուցիչներ, այլ մասնագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները