ԵԽ գլխավոր քարտուղար․ Ադրբեջանը ևս մեկ անգամ չհարգեց իր երկրի պարտավորությունը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դատարանի կողմից Իլգար Մամմադովի վերաբերյալ որոշման կապակցությամբ։
Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանի կողմից Բաքվում ԵԽ Քաղաքական դպրոցի ղեկավար Իլգար Մամմադովի որոշումը, որ վերջինս շարունակելու է մնալ բանտում, խորապես մտահոգիչ է։
«Ադրբեջանի դատարանը ևս մեկ անգամ չհարգեց իր երկրի պարտավորությունը՝ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։ Իլգար Մամմադովը բանտում է արդեն 3 տարի՝ չնայած ՄԻԵԴ վճռին, որը գտել էր, որ Մամմադովի դատապարտման հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ և նպատակ ունեին պատժել նրան՝ կառավարությանը քննադատելու համար։ Դատարանի թերի վճռի հիման վրա անձին ազատությունից զրկելը հարձակում է մարդու իրավունքների համակարգի վրա, որը մենք հաստատել ենք Եվրոպայում»,-ասում է Թորբյորն Յագլանդը։
ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ որպես Սահմանադրության երաշխավոր, կոչ է անում ապահովել, որ Ադրբեջանը հարգի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանը նախօրեին ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Իլգար Մամմադովը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում 2013թ-ի հունվարին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։