
«Օղակ» գործողությունը պետական ահաբեկչության դրսևորում էր. 25-րդ տարելիցն է
«Օղակ» (Кольцо) գործողությունը, որը խորհրդային իշխանությունների կողմից գործադրվեց Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ, պետական ահաբեկչության դրսևորում էր՝ լայնամասշտաբ ռազմա-ոստիկանական օպերացիա, որն իրականացվեց Ադրբեջանի ու գորբաչյովյան իշխանության կողմից 1991թ-ի գարնանն ու ամռանը: Դրա նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումն էր՝ տեղաբնիկ հայ բնակչությունից շրջանի բնակավայրերն ազատելը:
1990-91թթ-ին ԽՍՀՄ-ի ներքին գործերի նախարարության օպերատիվ-հետախուզական խմբի շտաբի պետ Վիկտոր Կրիվոպուսկովի վկայությամբ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության արտաքսման պլանը մշակվել է դեռևս 1990թ-ի աշնանը և վերջնականապես հաստատվել է 1991թ-ի փետրվարին՝ Ադրբեջանի գերագույն խորհրդի նստաշրջանի ժամանակ:
1991թ-ի մարտի 14-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԽՍՀՄ-ի նախագահ Միխայիլ Գորբաչովին «դադարեցնել հայերի անվտանգության նկատմամբ ոտնձգությունները Ղարաբաղում և հարակից հայաբնակ շրջաններում, որոնք ակնհայտորեն փորձ են արվում զանգվածաբար վերաբնակեցվել»:
Սկսվելով 1991թ-ի ապրիլի 30-ին՝ գործողությունը նշանավորվեց հայկական պատմական Գետաշեն և հարակից Մարտունաշեն գյուղերի բռնազավթումով, ապա տարածվեց ամբողջ Արցախի տարածքով՝ ընդգրկելով նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները:
Գործողության արդյունքում սպանվեց ավելի քան 100 մարդ, հարյուրավորները վիրավորվեցին ու խոշտանգվեցին, հարյուրավորները գերեվարվեցին ու ձերբակալվեցին: Շատերի ճակատագիրը անհայտ է մինչև օրս:
Իրենց պատմական բնակավայրերից բռնի տեղահան եղավ շուրջ 25 հազար խաղաղ բնակիչ մոտ 25 հայկական գյուղերից:
«Օղակ» գործողությունն իր արտացոլումն է գտել իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային պատվիրակության զեկույցում:
«Գործողության ընթացքում բազում անմարդկային գործողություններ են կիրառվել խաղաղ բնակիչների նկատմամբ: Տղամարդկանց ձերբակալում ու սպանում էին, կանանց բռնաբարում էին, երեխաները դաժան վերաբերմունքի էին արժանանում: Քաղաքացիական անձանց առևանգում ու պահում էին որպես պատանդ: Մոտակա գյուղերից ադրբեջանական թուրքերը բեռնատար մեքենաներով գալիս և զբաղվում էին թալանով՝իրենց հետ տանելով ամեն ինչ՝տնային իրերից մինչև ընտանի կենդանիներ»,-ասվում է զեկույցում:
1991թ-ի մայիսին Ռուսաստանի ԽֆՍՀ-ի մարդու իրավունքների կոմիտեում լսումներ կազմակերպվեցին, որոնց արդյունքում ընդունվեց փաստաթուղթ: «Օղակ» գործողության վերաբերյալ փաստաթուղթ կազմվեց «Մեմորիալ» համայնքի և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Ուիլսոնի կողմից:
1991թ-ի մայիսին ԱՄՆ-ի Սենատը բանաձև ընդունեց՝ դատապարտելով Ղարաբաղի տարածքում և նրա սահմաններից դուրս և նաև Հայաստանի սահմաններում հայ բնակչության վրա հարձակումը, անմեղ երեխաների, կանանց և տղամարդկանց սպանություններն ու նրանց նկատմամբ կիրառված խոշտանգումները՝ կոչ անելով դադարեցնել շրջափակումն ու Հայաստանի ու Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ դրսևորվող բռնության ու ուժի կիրառության մյուս մեխանիզմների կիրառությունը
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան