Զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը մեկնում է Ղարաբաղ. ՀԺ
Ապրիլյան պատերազմի օրերին Մարտակերտում զոհված ազգությամբ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշը, այսօր կեսօրին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղեկցությամբ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից ճամփա կընկնի դեպի Ղարաբաղ: Նա ցանկանում է տեսնել անկողինը, որտեղ որդին քնել է, վայրը որտեղ նա զոհվել է: Իսկ մինչ այդ կմասնակցի Գանձասարում որդու հիշատակին կազմակերպված միջոցառմանը:
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Քյալաշ Սլոյանի հետ:
- Պարոն Սլոյան, ձեզ թույլ չէին տվել մեկնել առաջնագիծ, հիմա արդեն թո՞ւյլ են տվել:
-Ես վաղը ժամը 13:00-ին դուրս եմ գալու տնից: Իմ հետ լինելու է Կոմանդոսը: Գնալու ենք Գանձասար, Քյարամի հիշատակին արարողություն պիտի անեն, որին հրավիրել են մասնակցելու: Հետո այնտեղից կգնամ Մարտակերտ, Քյարամի զորամաս: Կգնամ այնտեղ իր անկողինը կտեսնեմ, որտեղ քնել է, մի քիչ էլ շոր-մոր ունի՝ տղեքը պահել են, որ տան ինձ՝ բերեմ:
-Ձեզ թույլ կտա՞ն դիրքեր բարձրանալ, համաձայնեցրե՞լ եք հրամանատարության հետ:
-Ես կխնդրեմ, որ թույլ տան բարձրանալ դիրքեր: Ոչ մեկ էլ տեղյակ չի, բայց մենք ուզում ենք բարձրանալ: Ինձ հետ են լինելու նաև 2 որդիներս, եղբայրներիս տղաները ու եղբայրս: Ես ուզում եմ գոնե մի 10 օր մնալ: Խնդրել էի, որ թույլ տան առաջնագիծ գնամ, ծառայեմ, բայց մերժեցին: Ոտքս հաշմանդամ է, ասում են՝ չի կարելի: Քյալաշ Սալոյանը վիրավորվել է 1994-ին՝ ղարաբաղյան պատերազմի ընթացքում:
Թերթը հիշեցնում է, որ Քյարամ Սլոյանը այն զինծառայողն էր, որին սպանելուց հետո ադրբեջանցիները նաև գլխատել էին, գլուխը գյուղերում պտտել, հպարտացել իրենց արածով: Քյարամին հուղարկավորելուց 7 օր անց միայն Կարմիր խաչի միջնորդությամբ նրա գլուխը վերադարձրին, որի պատճառով էլ զոհված զինծառայողին վերահուղարկավորեցին: Ապրիլի 27-ին Քյարամ Սլոյանը պետք է տոներ 20-ամյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան