Գագիկ Մակարյան. Եթե լինի քաղաքական կամք, հնարավոր է հրաժարվել թուրքական ապրանքներից
Եթե լինի քաղաքական կամք ու պետական աջակցություն, ապա հնարավոր է հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Թուրքիայից ներմուծվող ապրանքների մեծ մասը կարելի է հեշտությամբ արտադրել Հայաստանում»,-ասաց միության նախագահը:
Վերջին օրերին հատկապես այս հարցի վերաբերյալ Մակարյանը ուսումնասիրություններ ու վերլուծություններ է կատարել, եկել համոզման, որ օրինակ հագուստի արտադրության համար Հայաստանում կան բոլոր պայմանները:
«Ուղղակի մենք մի քիչ պետք է հայրենասեր լինենք, ու եթե մի քիչ թանկ լինի, պտք հաշվի առնենք, որ մեր արտադրողը նոր է սկսում: Հետագայում արդեն արտադրության հղկմանն ու ծավալի մեծացմանը զուգահեռ, կէժանանան»,-ասաց Մակարյանը:
Հայաստանում կարելի է արտադրել նաև ներկանյութեր, շինանյութեր՝ գիպս, պենոպլաստ, կենցաղային սարքեր, դռան փականեր:
«Կենցաղային սարքերի դեպքում էլ ես լուծումն առաջարկել եմ: Կառավարությունը կարող է ֆինանսավորել վերամշակող մի քանի ընկերությունների, որոնք ունեն կոնստրուկտորական ներքին բաժիններն ու ինստիտուտները: Դրանք կարող են նախագիծը պատրաստել, հետո պետությունը՝ դրա տերը բաժանի մի քանի գործարանների, որ այդ նախգծով արտադրեն: Այսինքն այդ փոքրիկ վառարանները, այլ սարքավորումներ կարելի է Հայաստանում արտադրել»,-նշեց Panorama.am-ի զրուցակիցը:
Տնտեսագետը հաշվել է, որ տարեկան միջին հաշվով Հայաստանը ներմուծում է 215-265 մլն դոլարի ապրանք:
«Մեկ տարվա ընթացքում կարելի է հասնել այն բանին, որ տեղական արտադրության հաշվին կիսով չափ ներմուծման ծավալը նվազի: Այդ պարագայում գործազրկության մակարդակը հսկայական չափով կկրճատվի, փոքր և միջին ձեռնարկությունները կմոտիվացվեն ու տնտեսապես կայուն կդառնան: Դրանից բացի այդ փորձը կարելի է տարածել այլ երկրներից ներմուծվող ապրանքների վրա: Մենք հիմա Թուրքիայի մասին շատ բաց տեքստով ենք խոսում, բայց կարող է մեկ այլ երկրի մասին բաց տեքստով խոսենք»,-նկատեց Մակարյանը:
Նա նույնիսկ ամոթ է համարում Թուրքիայից լոլիկի, վարունգի ու այլ բանջարեղենի ներկրումը:
«Պետությունը պետք է կանչի ներմուծողներին, նրանց հետ զրուցի: Եթե թուրքական էքսպանսիան չլինի, կարող է մի տարի խեղճանանք, բայց հաջորդ տարի կունենանք: Հասարակ բան, Թուրքիայից բերում են նաև արևածաղկի բոված սերմը: Հիմա ինչ է՝ Հայաստանը արևածաղկի սերմի արտադրություն չի՞ կարող զարգացնել: Ժամանակին Արմավիրում, Արտաշատում ինչքան պլանտացիաներ կային»,-նկատեց նա:
Որպեսզի միության նախագահի առաջարկները կյանքի կոչվեն, պետությունը պետք է ստարտային փուլում օգնի արտադրողներին:
«Դուք կտեսնեք, թե ինչպիսի բում կլինի: Իհարկե կան, բաներ, որոնք Հայաստանում արտադրել չի լինի, դրանք իհարկե բերենք, բայց կան պրիմիտիվ բաներ, որոնք տարիներ շարունակ Հայաստանն է ուրիշներին մատակարարել»,-ասաց նա:
Միության նախագահը խոսել է նաև գործատուների հետ: Ասում է՝ ոգևորված են, լավ պոտենցիալ ունեն, կարել է նրանց շատ արագ ոտքի հանել. «Հիմա որ մեր բիզնեսի վիճակը վատացել է, ի՞նչն է պատճառը: Ներմուծումը ահավոր խեղդում է արտադրողներին, չեն կարողանում գոյատևել, մրցակցել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան