Կաննի փառատոն. «Կինոքննադատների շաբաթ» սեկցիայում ներկայացված է սփյուռքահայ ռեժիսոր Վաչե Բլղուրջյանի ֆիլմը
Ինչպես և նախորդ տարիներին, հայ կինոգործիչների հազվադեպ ներկայությունը Կաննում ապահովվել է Սփյուռքի հաշվին: «Կինոաշխարհ»-ի տեղեկացմամբ, «Կինոքննադատների շաբաթ» սեկցիայում ներկայացված է սփյուռքահայ ռեժիսոր Վաչե Բլղուրջյանի «Տրամոնտանե» Լիբանանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի համատեղ արտադրության ֆիլմը: Ընդ որում, սա նրա առաջին մասնակցությունը չէ Կաննի փառատոնին: 2010 թ. 63-րդ Կաննի փառատոնում նրա «Հինգերորդ զորասյունը» կինոնկարն ընդգրկվել է «Սինեֆոնդասիոնի» ծրագրում և շահել է երրորդ մրցանակը: Նույն թվականին ֆիլմը առաջին մրցանակ է շահել Լիբանանի կինոփառատոնում որպես լավագույն ֆիլմ, դարձյալ առաջին մրցանակ որպես լավագույն ուսանողական կարճամետրաժ ֆիլմ՝ Աբու Դաբիի կինոփառատոնում: Այն ներկայացվել է նաև Սան Սեբաստիանի, Tribeca, «Ոսկե ծիրան» կինոփառատոներում, իսկ 2011 թ. Էմիր Կուստուրիցայի Kustendorf Film & Music կինոփառատոնում ստացել է կինոքննադատների մրցանակը:
Վաչե Բլղուրջյանը ծնվել է Քուվեյթում, ապրել Լիբանանում, երկրում ծագած քաղաքացիական պատերազմի ժամանակ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: «Հինգերորդ զորասյունը» (արևմտահայերեն, լիբանանա-ամերիկյան համատեղ արտադրություն), որ ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է, Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի հուսահատության և վշտի մասին է: Խուճապի մեջ ֆիլմի հերոսը՝ Հրակը, գողանում է հոր հրացանը և հեռանում տնից: Հայրը սկսում է փնտրել որդուն, և նրանք անձնական ազատության ուղիներ են գտնում մի քաղաքում, որից փախուստ չկա:
«Տրամոնտանեն» երիտասարդ կույր տղամարդու՝ Ռաբիհի մասին է, որը ապրում է Լիբանանի գյուղաքաղաքներից մեկում, երգում է երգչախմբում և խմբագրում բրայլյան փաստաթղթերը: Նրա կյանքը բեկվում է, երբ նա փորձում է դիմել անձնագիր ստանալու համար և բացահայտում, որ նույնականացման քարտը, որը կրել է ամբողջ կյանքի ընթացքում, կեղծ է: Շրջելով Լիբանանի գյուղական վայրերում և որոնելով իր ծննդյան իսկական վկայությունները՝ նա հանդիպում է մարգինալ մարդկանց, որոնք պատմում են իրենց պատմությունները՝ էլ ավելի շատ հարցեր առաջացնելով և աննշան իրողություններ հուշելով Ռաբիհի իսկական ինքնության մասին:
Կաննի 69-րդ կինոփառատոնը կայանալու է մայիսի 11-22-ը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրում
- Ֆրանսիայի ղեկավարությունը խոստանում է անվտանգության ամենաբարձր մակարդակ Կաննի կինոփառատոնի օրերին
- Վուդի Ալենի նոր ֆիլմով բացվելու է Կաննի կինոփառատոնը
- Կաննի կինոփառոտոնի ժյուրին գլխավորելու է «Խելահեղ Մաքսը» ֆիլմի ռեժիսորը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում