Առաջարկ. Կամավորներին պետք է դրամական փոխհատուցում տրամադրվի
«Առաջնագծում այսօր գտնվող մեր կամավորներն առավել շատ մտահոգվում են ոչ թե իրենց առջև գտնվող ահռելի զինուժից, այլ թիկունքում գտնվող իրենց ընտանիքների սոցիալական վիճակից»: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, ԵԿՄ անդամ, ապրիլյան պատերազմի ընթացքում մի քանի անգամ որպես կամավոր Արցախ մեկնած Վարդան Դևրիկյանը:
Իր հետ առաջնագծում եղած կամավորներից իմացել է, որ ժամանակին չվճարելու պատճառով մեկի տան գազամատակարարումն են դադարեցրել, մյուսի՝ էլեկտրամատակարարումը: Նրան լուրեր են հասել, որ եղել են նաև աշխատանքից ազատման դեպքեր, սակայն հստակ տվյալներ չունի, կարծում է, որ նման դեպքեր եղել են մասնավոր հատվածում:
«Ես երեկ եմ վերադարձել Երևան: Մամուլում, որ գրել էին երկու հոգու ազատման մասին, ես այնտեղ իմացա: Եթե բյուջետային հաստատությունից որևէ մեկին ազատած լինեն, ապա դա հակաբարոյական կլիներ»,-ասաց նա:
Դևրիկյանը կարծում է, որ խնդրի՝ չկանոնակարգված լինելու հետևանքով գործատուներն էլ են հայտնվում անելանելի վիճակում:
«Մարդիկ էլ կան, որ օրավարձով են աշխատում: Նրանք այս օրերին գումար չեն վաստակում: Ցանկացած դեպքում տնտեսվարողը պետք է լուծում գտնի: Ես շատ ազդվեցի ու հուզվեցի, երբ մեր կամավորականներից շատերը զանգեցին ու խնդրեցին, որ իրենց արձակուրդ ձևակերպեն, որպեսզի խնդիրը լուծվի»,-ասաց Դևրիկյանը:
Ամեն դեպքում նա կարծում է, որ առաջնագծում գտնվող աշխատակցին ազատած ընկերությունների անունները հրապարակել պետք չէ, հակառակ պարագայում հասարակությունը կարող է բոյկոտել նրա ծառայությունները կամ արտադրանքը:
Որպես կամավոր Արցախ մեկնած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոնիթորինգի բաժնի պետ Արթուր Եղիազարյանն էլ հստակ փաստեր չգիտի՝ երբ կամավոր առաջնագիծ մեկնածին ազատել են աշխատանքից: Բայց եթե լինեն փաստեր, նա կողմ է, որ այդ ընկերությունների ղեկավարները հանրությանը ճանաչելի դառնան:
«Վերջիվերջո, այդ հայրենիքը միայն գնացողներինը չէ: Եթե գործատուն պատրաստ չէ հարգելու այն աշխատակցին, ով իր կյանքն է վտանգում նաև հանուն իրեն, ապա ես չգիտեմ, թե օրենքով ինչ կարելի է անել, բայց հանրային պարսավանքի արժանի է»,-ասաց նա:
Ա. Եղիազարյանը հրապարակումների հեղինակներին, սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրել է հստակ փաստեր ներկայացնել:
«Փաստորեն ոչ մեկ կոնկրետ դեպք չներկայացրեց, հիմա ես չգիտեմ՝ հավաստի են դրանք, թե ոչ: Մեզ հետ եկած տղաներից մեկի հետ նման բան եղավ՝ մասնավոր ընկերությունում էր աշխատում: Ասել էին, եթե մինչև ամսի 15-ը չներկայանա, կարող է ազատվի: Բայց տեղում հրամանատարությունից զանգեցին տնօրենին, խնդիրը հարթվեց: Հնարավոր է նաև առարկողներ լինեն, բայց ես գիտեմ, որ օրենքով այդ մարդիկ պաշտպանված են»,-ասաց Եղիազարյանը:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am -ին հայտնեց, որ ՊՆ-ում աշխատանքից ազատման մի քանի դեպքի մասին իմացել են իրենց ուղղված դիմումներից:
«Արագ փորձել ենք օգնել, ոնց որ թե ստացվեց»,-ասաց նա, ավելացնելով որ խնդրով առավել շատ զբաղվել է կառավարությունը: Այստեղից ասացին, որ հարցերի վերաբերյալ տվյալներ կարող են տրամադրել ավելի ուշ:
Վարդան Դևրիկյանն առաջարկում է առաջնագիծ մեկնած կամավորներին դրամական փոխհատուցում տրամադրել, իսկ մինչ այդ համապատասխան մեխանիզմներ մշակել: Նրա խոսքով, առաջնագծում գտնվողների անուն ազգանունները ճշտելը շատ հեշտ է, բոլորի անունները հատ-հատ գրի են առնվում և ներկայացվում զինկոմ:
«Պետք է ոչ թե լույսը անջատած էլեկտրիկին բռնել ու ծեծել, այլ կամավորի ընտանիքին դրամական փոխհատուցում տալ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար»,-ասաց նա:
Ինտիտուտի տնօրենը պատմեց, որ ուրախացել է, երբ իմացել է, որոշ բանկեր առաջնագծում գտնվողների վարկերի մարումը բաշխելու են հետագա ամիսների վրա:
«Պետք է տարբերակված մոտեցումներ ցուցաբերել: Էն մարդիկ, որ ծանր օրերին գնացին մահվան ընդառաջ, պետք է փոխհատուցում ստանան: Առաջին օրերին բոլորի գիտակցության մեջ մի բան էր՝ ադրբեջանական բանակը առաջ է գալիս ու դրա առաջը պետք է կտրել: Նրանց այդ օրերին սոցիալական խնդիրները չէին հետաքրքրում: Այսինքն՝ այն պահին, երբ պետք էր, որ իրենք տեր կանգնեին երկրին, տեր կանգնեցին: Որ նայում ենք, ովքե՞ր են գնացել առաջնագիծ: Այն մարդիկ, ովքեր սեփական բիզնես չունեն, ովքեր փող չունեն, ովքեր միայն հայրենիք ունեն: Իսկ հայրենիքը ինչքան նվիրական, այնքան էլ վերացական արժեք է: Ու քանի որ հայրենիքի վրա պետություն ունենք, պետք է պետությունը փոխհատուցման մեխանիզմներ մշակի»,-ասաց Վ. Դևրիկյանը:
Ա. Եղիազարյանն էլ նկատեց, որ կամավորների շրջանում շատ են գործազուրկները, նրանց կարելի է առաջարկել՝ պայմանագրային ծառայության անցնել, վճարելով յուրաքանչյուր հերթափոխի դիմաց:
Կամավորներին վճարելու կամ դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ ՊՆ-ում դեռ հստակ ոչինչ ասել չեն կարող: Դրա համար ժամանակ ու նաև օրենսդրական փոփոխությունների կարիք կա:
Հարակից հրապարակումներ`
- Է. Մարուքյան. Պետք է պահպանվեն կամավորների աշխատատեղերն ու սուբսիդավորվեն աշխատավարձերը պետության կողմից
- Մարզպետ. Գարնանացանի աշխատանքներում աջակցել զինծառայողների ու կամավորների ընտանիքներին
- ՊՆ խոսնակ. Շատ կամավորներ վերադառնում են մշտական տեղակայման վայրեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան