Շվեյցարացի արվեստագետը երևանյան շենքերին կավելացներ արծաթագույնը
«Հայ Արտ» մշակույթի կենտրոնում մայիսի 3-ին բացվելու է շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» / «Quinze points de vuе» խորագիրը կրող ցուցահանդեսը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերը:
Նշենք, որ ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում:
Դեսպանի խոսքով, Ֆելիչե Վարինին շատ յուրահատուկ արվեստագետ է, նրա աշխատաոճը շատ տպավորիչ է:
«Կարելի է ասել, որ ճարտարապետությունը նրա կտավն է, այսինքն նա նկարում է ոչ թե կտավի, այլ ճարտարապետական բաղադրիչների վրա՝ ստեղծելով արտասովոր արվեստ»,- ասաց Լուկաս Գասսերը:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության խորհրդի անդամ Սոնա Անդրեասյանի բնորոշմամբ, ժամանակակից արվեստի դաշտում գործող ինքնատիպ արվեստագետներից է:
«Համոզված ենք՝ նրա հետ համագործակցությունը, ներկայությունը Հայաստանում նոր գաղափարների խթան, շունչ կհանդիսանա հայ մշակույթի համար»,- նշեց նա:
Ֆելիչե Վարինին ավելի քան 20 տարի հետազոտում է ճարտարապետական կառույցներ և տարածքներ։ Նա, ստեղծագործության առարկա ընտրելով փակ տարածությունները, քաղաքային միջավայրը՝ ուրբան տարածքները, վերջիններիս մեջ ստեղծում է երկրաչափական աբստրակտ ինստալյացիաներ, որոնք առաջին հայացքից հնարավոր է ըմբռնելի չեն դիտողի համար։ Սակայն դրանք, անսպասելիորեն մեկ կետում՝ «դիտակետում» կենտրոնացնելով հանդիսատեսի հայացքը, բացահայտում են տվյալ ճարտարապետական կառույցի առանձնահատկությունները։
Կազմակերպիչների խոսքերով, «Տասնհինգ դիտակետ» ցուցահանդեսի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ ժամանակակից արվեստի և ճարտարապետական տարածքների միավորմանն ուղղված ինքնատիպ հայացքի հետ։
Ֆելիչե Վարինին առաջին անգամ է Հայաստանում: Այսօր նա նշեց, որ Հայաստանում բացվող ցուցահանդեսն արտասովոր է:
«Սա լուսանկարների ցուցահանդես է: Իմ լուսանկարները չեն, այլ արված պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից: Դրանք տարբեր վայրերում իմ արած 15 աշխատանքի վերաբերյալ են: Լուսանկարներն արված են որոշակի դիտակետից»,- ասաց արվեստագետը:
Շվեյցարացի արվեստագետն ասաց, որ նոր է սկսում ճանաչել Երևանը, հույս հայտնեց, որ մոտակա չորս օրվա ընթացքում ավելի լավ կճանաչի, կլինեն վայրեր, որոնք կներշնչեն իրեն, իր մոտ ստեղծագործելու ցանկություն կառաջացնեն:
Ֆելիչե Վարինին նկատել է, որ Երևանում շատ են բաց ու մուգ վարդագույն շինությունները, և եթե որևէ մի շինության հետ աշխատելու լինի՝ ավելի շատ արծաթագույն կամ մեկ այլ կոնտրաստային գույն կօգտագործի. «Ամեն անգամ փորձում եմ այնպես անել, որ ինչ-որ կոնտրաստ առաջանա իրականության մեջ գույների հետ, որպեսզի ստեղծագործությունս որոշակի ինքնավարություն ձեռք բերի: Իմ աշխատանքը չի կարող ոչ թաքցնել իրականությունը, ոչ փոփոխել, այլ պահպանել այդ իրականության որակները, ինքն էլ իր կողմից որոշակի որակներ բերել: Սա դեկորատիվ գունավորում չէ»:
Շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինին Հայաստանում հանդես կգա նաև ստեղծագործական հանդիպումներով՝ այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, մայիսի 4-ին՝ Միրզոյան» գրադարանում: