Գիտությունը չի տուժի, եթե 18 տարեկանից բոլորը զորակոչվեն բանակ. Պատգամավոր
Տարածված այն տեսակետը, թե բանակից հետո երիտասարդները քիչ հետաքրքրված են լինում գիտությամբ, ուսումը շարունակելով, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ընդունելի չի համարում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հեցն ինքը՝ Թորոսյանը:
«Որպես ԵՊՀ դասախոս, կարող եմ պնդել, որ հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք բանակում ծառայելուց հետո ավելի խորն են ընկալում գիտության մեջ խորանալու անհրաժեշտությունը, ավելի կայացած մարդիկ են դարձած լինում։ Հետևաբար այն կարծիքը, թե տարկետման իրավունքի վերացումը կարող է խնդիրներ ստեղծել գիտության ոլորտում, ես ընդունելի չեմ համարում: Եվ, բացի այդ, մենք մի երկիր ենք, որտեղ պատերազմը բնական վիճակ է, հետևաբար՝ ընդհանրապես տարկետման մասին պետք է խոսակցություն չունենանք», -հայտարարեց Թորոսյանը:
Ինչ վերաբերում է տաղանդներին, ում չպետք է կտրել գիտությունից, կարելի է սահմանել չափորոշիչներ ու պայմաններ ապահովել հենց բանակում:
«Եթե հիշում եք, ժամանակին կար «սպորտզվոդ», «մուզզվոդ» և այլն: Զինվորական գործին զուգահեռ զինվորը կընդգրկվի հատուկ մարզիչների հսկողությամբ իր պարապմունքներում», -նկատեց պատգամավորը:
Առանց տարկետման իրավունքի բանակ ծառայության մեկնելու անհրաժեշտության մասին խոսակցություններն ակտիվացան այն ժամանակ, երբ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հարցին հայտարարել էր, որ առաջիկայում կառավարությունը խորհրդարանին կներկայացնի 18 տարեկանից առանց տարկետման իրավունքի բանակում ծառայելը պարտադիր դարձնելու մասին օրենքի նախագիծը:
Ի դեպ, նույնաբովանդակ նախագիծ մի քանի տարի առաջ կառավարությանը ներկայացրել էին նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:
Վերջինը, որը նույնպես ներկա էր ասուլիսին հայտարարեց, որ ասպիրանտուրայի բոլոր տեղերը, չգիտես՝ ինչու զբաղեցնում են տղաները:
«Ասպիրանտուրայի բոլոր 123 տեղերում, չգիտես՝ ինչի աղջիկ չի լինում: Էս ինչ արդար երկիր ենք: Սրա դեմը պետք է առնել, որ էլ ոչ մեկ չառնի, որովհետև ոնց էլ լինի, փողը բերելու են տան, ասեն տղեն ա անցել», -նկատեց Թևան Պողոսյանը:
Դասախոս Շիրակ Թորոսյանը, ի պատասխան, որոշ փակագծեր բացեց՝ ներկայացնելով բուհական համակարգի խոհանոցից. նրա խոսքով «ջենթլմենական պայմանավորվածություն» է կայանում աղջիկների և տղաների միջև
«Կա հեռակա ասպիրանտուրա, հայցորդ համակարգ և ստացիոնար ասպիրանտուրա: Սովորաբար, հիմնականում այդ ուսանողները, ովքեր համակուրսեցիներ են, մտերիմներ ընկերներ, պայմանավորվում են, և աղջիկները սովորաբար գնում են հեռակա կամ հայցորդական հիմունքներով գիտությամբ զբաղվելու, տղաներն էլ՝ ասպիրանտուրա: Դա ուղղակի կոռուպցիոն դրսևորում չէ»,-նկատեց Թորոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները