ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի զարգացման գրավականը կոոպերատիվների ստեղծումն է. Նախարար
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման գրավականը գյուղացիական տնտեսությունների միավորումը և կոոպերատիվների ստեղծումն է, և այս առումով Գերմանիայի փորձը Հայաստանի համար կարող է օրինակելի լինել,- Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ հանդիպմանն ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարը հույս է հայտնել, որ ագրարային բնագավառում Հայաստանի և Գերմանիայի փոխգործակցությունը առաջիկայում ավելի կխորանա և կընդլայնվի: Որպես երկկողմ համագործակցության հնարավոր ուղիներ նախարարը, մասնավորապես, մատնանշել է գինեգործության, ձկնաբուծության ոլորտները, գյուղատնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, տեղում համատեղ ընկերությունների միջոցով ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի արտադրության կազմակերպման հնարավորությունը:
Նշելով, որ երկու երկրների միջև Հայաստանի անկախացումից հետո գյուղատնտեսության բնագավառում ձևավորվել է փոխշահավետ համագործակցություն` նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Քիսլերի առաքելության ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները ագրարային ոլորտում ավելի կխորանան ու կամրապնդվեն:
«Հայաստանի անկախացումից հետո Գերմանիայի հետ գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է սերտ համագործակցություն: Այս առումով կցանկանայի հատկապես նշել Գերմանիայի համագործակցության կազմակերպության (GIZ) և Գերմանիայի զարգացման բանկի (KfW) աջակցությամբ վերջին տարիներին իրականացվող ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը», - ասել է նախարար Սերգո Կարապետյանը:
Այս ենթատեքստում նախարարը հատկապես կարևորել է Գերմանիայի համագործակցության կազմակերպության կողմից անտառվերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև KfW բանկի կողմից Հայաստանում իրականացվող ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերը, այդ թվում` Կապսի և Մաստարայի ջրամբարների վերակառուցումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան