ԶԼՄ-ները խոչընդոտների են հանդիպում պատկան մարմիններից պաշտոնական, բաց ինֆորմացիա ստանալու առումով. Աշոտ Մելիքյան
Համաձայն մամուլի ազատության վերաբերյալ «Freedom House» կազմակերպության 2015թ-ի զեկույցի՝ մամուլի ազատության մակարդակը Հայաստանում մեկ նիշով հետընթաց է ապրել: Այս մասին մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ տարածաշրջանում Հայաստանը մամուլի ազատությամբ զիջում է Վրաստանին:
«Ինչպես նախորդ, այնպես էլ այս զեկույցով «Freedom house»-ը Հայաստանը դասել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին՝ մեկ քայլ հետընթացով»,- նշեց Աշոտ Մելիքյանը:
Ըստ նրա՝ այս գնահատականը համապատասխանում է իրականությանը այն առումով, որ նախորդ տարի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցան լրատվամիջոցների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, ինչպես նաև դեկտեմբերի 6-ին Սահմանադրական հանրաքվեի օրը լրագրողները մասնագիտական խոչընդոտումների հանդիպեցին:
Բացի այդ, ըստ Աշոտ Մելիքյանի, Հայաստանում ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները, ուստի այս պայմաններում դժվար է առաջընթաց արձանագրել: «Այս տարի մեր փորձագետների նախաձեռնությամբ սերտորեն համագործակցել ենք խմբագրությունների հետ՝ հարցումներ ուղարկելով, թե արդյոք կարողանում են պետական մարմիններից ստանալ հանրային նշանակության տեղեկատվություն: Արդյունքում պարզվեց, որ ԶԼՄ-ները խոչընդոտների են հանդիպում պատկան մարմիններից՝ պաշտոնական տեղեկություններ ստանալու առումով: Խոսքը բաց ինֆորմացիայի մասին է, ոչ թե պետական գաղտնիքի»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Նա նաև նշեց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը բարելավման կարիք ունի, սակայն այդ փոփոխությունները չեն իրականացվում: «Նախորդ տարվա դեկտեմբերին որոշ փոփոխություններ կատարվել են, բայց դա բավարար չէ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ առաջին հերթին լիցենզավորման կարգը պետք է փոխվի, պարզեցվի:
Ըստ նրա՝ գործող լիցենզավորումը հնացած է, որը համապատասխանում է անալոգային հեռուստատեսությանը, մինչդեռ հիմա Հայաստանը անցում է կատարում թվային հեռարձակմանը:
«Դաշտը պետք է շատ ավելի լիբերալիզացվի և պարզեցված կարգով լիցենզիաներ տրամադրվեն, ինչը կխթանի և մրցակցությունը, և բովանդակային առումով լրատվամիջոցներն ավելի մրցունակ կլինեն»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Նա միաժամանակ նշեց, որ մամուլի ազատության վրա էականորեն ազդեցություն ունի նաև տնտեսական վիճակը: «1990-ականներից սկսած մինչ օրս լրատվամիջոցների համար բարենպաստ պայմաններ չստեղծվեցին, որպեսզի նրանք ավելի անկախ և ազատ լինեն ֆինանսական առումով: Մեզանում լրատվական դաշտը բաժանված է տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների և ավելի շատ ԶԼՄ-ների տերերի շահերն է պաշտպանում, քան հասարակության շահը »,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ միաժամանակ հավելելով, որ ընդհանուր առմամբ, լրատվամիջոցները կարողանում են իրենց առջև դրված առաքելությունը կատարել, կարողանում են հասարակությանը ներկայացնել այն կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում և արտերկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան