Լյուքսեմբուրգյան Тageblatt-ը Արցախի մասին. «Հանուն ճանաչման և խաղաղության հույսի»
Լյուքսեմբուրգի առաջատար պարբերականներից Тageblatt-ն ապրիլի 2-ի համարում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: Թերթի թղթակից Արման Բեքը (Armand Back) Լեռնային Ղարաբաղից ծավալուն ռեպորտաժի բացի նաև առանձին սյունակ է նվիրել հակամարտությանը:
Ռեպորտաժում, որը հեղինակը վերնագրել է «Ղարաբաղի մարտիկները» (Bei den Kämpfern von Karabach), նշվում է, որ «Կովկասյան փոքրիկ հանրապետությունը պայքարում է հանուն ճանաչման և խաղաղության հույս է տածում»:
«Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հանրապետությունը պայքարում է հանուն իր գոյատևման ու ճանաչման: Ադրբեջանի դեմ պատերազմը տևական ժամանակ համարվում էր սառեցված: Ապրիլի սկզբին տեղի ունեցավ 1994 թվականից ի վեր վատթարագույն բռնկումը»,- գրել է հեղինակն ու նշել, որ հազիվ թե հնարավոր լինի հակամարտությանը ռացիոնալ բացատրություն տալ, բայց այն միայն Հարավային Կովկասի անվտանգությանը չէ, որ սպառնում է:
Առաջնագծից տրված ռեպորտաժին կից, որտեղ հեղինակն անդրադառնում է ապրիլյան բախումներին ու դրանց արդյունքներին, ներկայացնում Արցախի դիրքապահների ու իշխանությունների տեսակետները, հեղինակն անդրադառնում է նաև հակամարտության պատճառներին, ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող որոշ տվյալներ և փաստեր:
«Ողջույնի ժամանակ հնչած կրակոցներից անակնկալի են գալիս միայն այցելուները: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խրամատներում կանգնած զինվորներն այլ կերպ չեն կարող»,- առաջնագծի մասին պատմում է հեղինակն ու նշում, որ «այս հակամարտությունը չափազանց երկար է ձգվում, և այդ ընթացքում ղարաբաղցիները երբեք չեն լսել, որ միջազգային իրավունքն իրենց կողմից է»:
«Այստեղ կրակոցներ հնչում են արդեն ավելի քան քառորդ դար։ Աշխարհի կողմից գրեթե մոռացված այս հակամարտությունն ապրիլի սկզբին նորից վերածվեց պատերազմի»,- գրում է հոդվածագիրն ու նշում, որ բախումներից հետո կողմերը տեղեկացրել են զոհերի մասին:
«Հետագայում ևս անկախ մնալու և միջազգայնորեն ճանաչվելու համար Լեռնային Ղարաբաղը պետք է ոչ միայն խրամատներում պայքարի, այլ նաև նախարարների, խորհրդարանների և նախագահների մակարդակով»,- շարունակում է Արման Բեքը և հիշեցնում Եվրախորհրդարանի պատգամավոր, լյուքսեմբուրգցի Ֆրանկ Էնգելի ելույթը, ով նշել էր, որ այս թեմայով վերջին քննարկումները ԵՄ խորհրդարանում շատ դրական էին, ավելի լավ, քան նախկինում։ «Բանն այն է, որ Ադրբեջանն արդեն այլ լույսի տակ է երևում։ Բաքուն մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հաշտության առաջարկները։ Դա իր հետևանքներն ունեցավ. աշխարհն հիմա ավելի շատ իր հայացքն ուղղել է Լեռնային Ղարաբաղին»,- ասել էր պատգամավոր Ֆրանկ Էնգելը։
Հեղինակը մեջբերում է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որն ավելի վաղ այս կապակցությամբ ասել էր. «Խոսում են մեր մասին, բայց չեն ուզում խոսել մեզ հետ։ Դա ոչ մի բանի չի կարող հանգեցնել»։
Հեղինակը եղել է դիրքերում և զրուցել հայ զինվորների հետ։ «Ղարաբաղի դիրքերից գրեթե 400 մ այն կողմ իրենց խրամատներում նստած են ադրբեջանցի զինվորները։ Դիտակետից հստակ երևում են բաժանարար գծերը։ Դիրքի պատասխանատու Թևոս Հարությունյանը լրագրողներին ասում է. «Մենք զինվորներ ենք, մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը»։
«Վերադառնանք ընտանիքների մո՞տ։ Միայն երբ այստեղ անելիք չենք ունենա»,- ասում է զինվորներից Ալեն Մինասյանը։
«Նորմալ մարդիկ հոգնում են շարունակվող արտակարգ իրավիճակից,- գրում է հեղինակը,- բայց քաղաքական որոշումներ կայացնողներն այլ կերպ են մտածում։ Զինվորները գիտեն, որ խաղաղություն գտնելն իրենց առաջադրանքը չէ: Դա թողել են քաղաքական գործիչներին։ Քաղաքականությունը, սակայն, տասնամյակներ շարունակ սայթաքում է խաղաղություն գտնելու ճանապարհներին»:
Բացի նշված հոդվածից, Արման Բեքը թերթում հրապարակել է նաև իր մեկնաբանությունը՝ վերնագրված «Վառոդի տակառ՝ Հարավային Կովկասում» (Pulverfass im Südkaukasus): Մեկնաբանության մեջ հեղինակը նշել է, որ տարածաշրջանը մշտապես բնակեցված է եղել հայերով, և նրա վերադարձն Ադրբեջանին, առանց արյունահեղության, դժվար է պատեկրացնել: «Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում բաց քարտերով են խաղում: Ասում են՝ մենք ցանկանում ենք վերամիավորում: Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը միայն միջանկյալ քայլ է դրա համար: Բանակցությունները պետք է այս հիմքով ընթանան: Մի կողմից բռունցք ցույց տալը, իսկ մյուս կողմից՝ դիվանագիտություն խաղալն այլևս ազդեցություն չունեն: Ուստի միջազգային ճնշման անհրաժեշտություն կա: Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են վառոդի տակառի վրա. Նրանք արագ լուծման կարիք ունեն»,- գրել է Արման Բեքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան