ՀՑԹԻ տնօրեը և թանգարանի մի շարք աշխատակիցներ պարգևների են արժանացել
Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրությամբ, միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման և Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանին՝ ԱԺ նախագահի հուշամեդալ:
Էդուարդ Շարմազանովը պարգևներ է հանձնել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք աշխատակիցների: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, թանգարանի էքսկուրսավարներ Հայկուհի Գևորգյանը, Անժելա Թևեքելյանը, Աստղիկ Եդիգարյանը, թանգարանի ցուցանմուշների պահապաններ Արփինե Ալեքսանյանը, Վարդուհի Շողերյանը, Հայոց ցեղասպանության թանգարանային կառույցի սպասարկման բաժնի վարիչ Թումաս Թումասյանը պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով:
ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ թանգարանի աշխատակիցների պրոֆեսիոնալ և հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ աշխարհի տարբեր անկյուններից թանգարան այցելած բազմաթիվ պատվիրակներին հասանելի և հասկանալի է դառնում մեկ դար առաջ հայերի հետ կատարված ողբերգությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ նշել է, որ պարգևները պարտավորեցնում են հետագայում ավելի լավ աշխատել:
Այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը թանգարանի անունից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թանգարանի կազմակերպած միջոցառումներին աջակցելու համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին պարգևատրել է «Ջեյմս Բրայս» ոսկե հուշամեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան