Հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքիների 90 երեխաներ և երիտասարդներ ստացել են տեխնոլոգիական կրթություն
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում իրականացրել է «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը, որի նպատակն էր Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, ծրագիրը մեկնարկել է 2015թ. նոյեմբերին և շարունակվել մինչև 2016թ. մարտ ամիսը: Մասնակիցների թվում էին 90 երիտասարդներ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ և Հովունի գյուղերից։
5 ամիսների ընթացքում նրանք ուսումնասիրել են գրաֆիակական դիզայն` Photoshop և Corel Draw ծրագրերի միջոցով: Հաջորդիվ իրականացվել են նաև սոցիալական ներգրավում և մասնակցություն թեմայով դասընթացներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ մարդու սոցիալական իրավունքների և այլ հարցերի շուրջ:
«Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի ավարտին՝ Շիրակի մարզի մի քանի համայնքներում (Մարալիկ, Ազատան) և Գյումրի քաղաքում, տեղի է ունեցել վկայականների հանձման արարողությունը: Մարալիկում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները ևս մասնակցել են արարողությանը:
Հիշեցնենք, որ «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի աջակիցն էր ԱՄՆ դեսպանատունը, իսկ գործընկերները՝ Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղը և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող «Արմինե կրթամշակութային հասարակական կազմակերպությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան