Հայտնաբերվել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդները
Ուսումնասիրողները համոզված են, որ հայտնաբերել են «Ինդեվըր» նավի մնացորդները, որով անգլիացի քարտեզագիր Ջեյմս Կուկը 1770 թվականին հասել է Ավստրալիայի ափերին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով CNN-ին:
Rhode Island Marine Archeology Project կազմակերպության աշխատակիցները հայտարարել են, որ հայտնաբերել են նավի մնացորդները Նյուպորտից (Ռոդ-Այլենդ, ԱՄՆ) ոչ հեռու:
Կազմակերպությունում կարծում են, որ նավը խորտակել են բրիտանացիները 1778 թվականին 12 այլ նավերի հետ, Ռոդ Այլենդի գրոհի նախօրեին, Նարագանսեթ ծոցի շրջափակման ժամանակ: RIMP -ում նշում են, որ հայտնաբերել են նավերի կտորներով ինը վայր: Ընդ որում՝ այդ վայրերից մեկում խորտակվել է միանգամից 5 նավ, այդ թվում նաև «Ինդեվըր», որը Կուկի արշավախմբից հետո անվանվել է «Լորդ Սենդվիչ»:
«Բոլոր 13 նավերը, որոնք հեղափոխության ժամանակ խորտակվել էին Նյուպորտում, ամերիկյան պատմության համար կարևոր նշանակություն ունեն»,- կարծում են հետազոտողները:
Այժմ նրանք նախատեսում են ավելի մանրամասն ուսումնասիրել տեղանքը և նավի յուրաքանչյուր բեկոր, որպեսզի հստակեցնեն, թե որոնք են պատկանում «Ինդեվըր» նավին:
Կուկը ղեկավարել է «Ինդեվըր» նավը իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ՝ 1768-1771 թվականներին: Նավը, որը այնքան էլ մեծ չի եղել, հատուկ նախատեսված է եղել գիտական արշավախմբի համար: